ՄԱՇ-ն իշխանությանը վերջնաժամկետ է ներկայացրել

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը մինչև ապրիլի 9-ը կառավարությանը ժամանակ է տալիս ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակի վերաբերյալ սահմանված 12 առաջարկությունների կատարման համար:

Այս բովանդակությամբ հայտարարությունն արել է ՄԱՇ-ի նախագահ Լևան Խաբեիշվիլին։ Նրա խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադրություն չունի հետևելու Եվրահանձնաժողովի առաջարկություններին։ ՄԱՇ նախագահի խոսքով, երեկ ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ի հանրահավաքում ԵՄ դրոշն այրելու թիկունքում կանգնած էր նաև «Վրացական երազանքը», և սա հերթական հակաարևմտյան ուղերձն էր։

Խաբեիշվիլիի խոսքով, ինքը մինչև ապրիլի 9-ը ժամանակ է տալիս իշխանություններին՝ հանձնարարականները կատարելու համար, իսկ նույն օրը՝ ժամը 17:00-ին, ակցիա կսկսի Ռուսթավելիի պողոտայում:

«Իշխանությունները մտադրություն չունեն կատարելու հանձնարարականները, հայհոյում են մեր գործընկերներին ու նույնիսկ զղջում չի նկատվում նման դավաճանական օրենք ընդունելու ցանկության համար։ Այն երիտասարդներին, որոնք պաշտպանում էին իրենց եվրոպական ապագան ու սահմանադրությունը, կոչում են սատանիստներ։ Անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործողությունների:

Իրակլի Կոբախիձեի և Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ ռուսական «Ալտ-Ինֆո»-ն այրել է Եվրամիության դրոշը, և սա ևս մեկ հստակ ուղերձ էր մեր եվրոպացի գործընկերներին։

Վրաց ժողովուրդը Եվրոպա է ուզում, մենք ուզում ենք եվրոպական խաղաղություն, տնտեսություն, կրթություն, եվրոպական կյանք»,- ասել է Խաբեիշվիլին։

Իշխանությունն իր նպատակների համար օգտագործում է ռուսամետներին. կարծիքներ