Իշխանությունն իր նպատակների համար օգտագործում է ռուսամետներին. կարծիքներ

Այսպիսով, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փորձում է ի ցույց դնել, որ ոչ բոլորն են սիրում Եվրամիության դրոշը, ոմանք նույնիսկ այրում են այդ դրոշը, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում, ամփոփելով հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցության, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, կազմակերպած ցույցը Վրաստանի խորհրդարանի դիմաց ու առաջադրած պահանջները, ասաց Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:

Կոնֆլիկտաբանի համոզմամբ` ցույցը կազմակերպել են ոչ թե ռուսամետները, այլ հենց՝ իշխանությունները: Ըստ նրա՝ իշխանությունների նպատակն է այնպես անել, որ Վրաստանը ոչ մի պարագայում չստանա ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ:

«Վրաստանի իշխանությունները վախենում են, որ մարտի 7-8-յան զարգացումները Եվրոպայում կարծիք կձևավորեն, որ Վրաստանն իսկապես արժանի է ստանալու ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ:

Իշխող կուսակցությունը հիմա փորձում է ցույց տալ, որ մարտյան իրադարձություններն ընդամենը ժողովրդի մի մասի ցանկությունն էին արտացոլում, իսկ այլ խմբեր կան, որոնց ցանկությունը տարբեր է»,- ասաց կոնֆլիկտաբանը:

Զաքարեիշվիլիի խոսքով, իշխանություններն այս բողոքի ակցիայով ուզում են ասել՝ «դեմոկրատներ, դուք ունեք ձեր ցանկությունները, «Ալտ-Ինֆոն» էլ ունի իր ցանկությունները»:

Ըստ կոնֆլիկտաբանի՝ իշխանությունները ցանկանում են նույն հարթության վրա դնել մարտի 7-8-յան իրադարձություններն ու այսօր կատարվածը:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, ռուսամետների այսօրվա «ակցիան» չորս նպատակ էր հետապնդում:

Ըստ նրա, առաջինը` Եվրոպային հղված վրաց ժողովրդի ուղերձը  չեզոքացնելն էր ու եվրաինտեգրումը ևս մեկ փորձով սաբոտաժի ենթարկելը.

«Երկրորդը՝ ռուսական ուժերը համախմբելու, «գնդակը նետելու» և ուժ ցուցադրելու փորձ: Երրորդը՝ ի տարբերություն արմատականների, հանդես գալ որպես վրացական երազանքի չափավոր ուժ և արբիտր։ Չորրորդը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության քողարկումն է»:

Ի դեպ, հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց էր կազմակերպել: Ռուսամետ քաղաքական կուսակցության առաջնորդներն իջեցրել են ԵՄ դրոշը, ոտքերով կանգնել դրոշի վրա, հետո` այրել։

Ռուսթավելի պողոտայում հավաքվածները ցանկացել են ԵՄ դրոշի փոխարեն կախել Վրաստանի դրոշը, ինչը կանխել են տեղ հասած մի քանի ոստիկաններ։ Իրավապահները ձերբակալել են «Ալտ-Ինֆո»-ի ղեկավարներից Զուրաբ Մախարաձեին։ Հանրահավաքում հակաարևմտյան և վիրավորական բացականչություններ են հնչել։

Հանրահավաքի կազմակերպիչները 3 պահանջ են ներկայացրել՝ հանրաքվե անցկացնել և «գործակալներին տալ իրենց անունները», ինչպես նաև հուլիսի 5-ին ձերբակալվածներին ազատ արձակել ու պատժի ենթարկել նրանց, ովքեր, ըստ իրենց՝ «հեղաշրջում էին կազմակերպել»:

Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսամետ խմբավորումները խորհրդարանի մոտ իջեցնում և այրում են ԵՄ դրոշը։ Նրանք դա արեցին 2021 թվականի հուլիսի 5-6-ի ցույցերի ժամանակ` երկու անգամ ցած քաշելով խորհրդարանի դիմաց բարձրացված ԵՄ դրոշը։ Ընդգծենք, որ մարտի 7-8-9-ին «օտարերկրյա գործակալների» օրինագծերի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների ընտանիքներին «Ալտ-Ինֆո»-ի անդամները սպառնացել են: Ըստ տեղեկությունների՝ «Ալտ-Ինֆո»-ն ֆինանսավորվում է հենց Ռուսաստանից:

Ռուսամետները խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում