Ծերաքվիում նշվել է «Ջավախիշվիլիոբա 2023»-ը

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերաքվի գյուղում նշվել է «Ջավախիշվիլիոբա 2023»-ը: Տոնը նվիրված է վրացի ականավոր գրող Միխեիլ Ջավախիշվիլիի տարեդարձին:

Մառնեուլիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն, «Ջավախիշվիլիոբա 2023»-ին մասնակցել են Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն, քաղաքապետ Քենան Օմարովը, Քվեմո Քարթլիի մարզպետի տեղակալ Կախա Կոբերիձեն, խորհրդի նախագահի տեղակալներ Ռիչարդ Գիգան և Ռովշան Իսկանդարովը, փոխքաղաքապետեր Զուրա Փանքանին և Թեմուր Շուբիթիձեն, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Գրողների միության անդամներ, գրականության թանգարանի ներկայացուցիչներ և Միխեիլ Ջավախիշվիլիի ժառանգները։ Նրանք հիշել են գրողի ստեղծագործությունները և ծաղիկներով զարդարել հուշարձանը։

Նշվում է, որ միջոցառումը կազմակերպել է Մառնեուլիի մունիցիպալիտետը:

Ջավախիշվիլիի տոնն ավանդաբար նշվում էր ամեն տարի նրա ծննդավայր Ծերաքվի գյուղում, սակայն 1991 թվականից ավանդույթը մոռացության էր մատնվել։ 2015 թվականից Ջավախիշվիլիի 135-ամյակին նվիրված միջոցառմամբ Մառնեուլիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնը վերածնվել է: