Ճիաթուրայի հանքագործները հացադուլ են սկսում

Ճիաթուրայի հանքավայրի աշխատակիցները հայտարարել են, որ այսօրվանից ակցիաներին զուգահեռ հացադուլ են սկսում։ Հանքագործների հիմնական պահանջը աշխատանքային պայմանների բարելավումն է։

«Ջորջիան Մանգանեզ» հանքավայրի աշխատակիցներն արդեն երկրորդ բողոքի ակցիան են անցկացնում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց։ Նրանք պահանջում են աշխատավարձի 20 տոկոս բարձրացում։

Հունիսի 20-ին նրանք երթ են իրականացրել դեպի «Ջորջիան Մանգանեզ»-ի գրասենյակ։

«Մենք ձեզ անգամ կարած աչքերով ենք տեսնում», «Կարած բերանով էլ ճիշտը կասենք». Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության մի քանի տասնյակ հանքափորներ այս կարգախոսներով հասել էին Թբիլիսի և Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց անցկացրել:

«Ջորջիան Մանգանեզ»-ի գլխավոր տնօրեն Լաշա Թութբերիձեի խոսքով, անտրամաբանական է, որ աշխատակիցները հիմա խոսում են աշխատավարձերի բարձրացման մասին, քանի որ ընկերությունը շահույթ չի ստանում:

«Մենք համաձայն ենք և պատրաստ ենք բարձրացնել աշխատավարձը՝ ապագա ֆինանսական արդյունքներին զուգընթաց»,- ասել է Թութբերիձեն:

Տնօրենի խոսքով, այսօր ընկերության վնասը կազմում է մոտ 12 մլն դոլար, իսկ աշխատակիցների համար լրացուցիչ 15 տոկոս աշխատավարձի բարձրացումը նշանակում է լրացուցիչ 10 մլն դոլարի վնաս։

Ի դեպ, հանքափորներն ի սկզբանե պահանջում էին 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձը, սակայն ընկերությունը համաձայնել էր աշխատավարձը բարձրացնել միայն 5 տոկոսով: