Ճիաթուրայի հանքագործները հերթական բողոքի ակցիան են անցկացնում

Ճիաթուրայի հանքավայրի աշխատակիցներն արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիա են անցկացնում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց։ Հանքագործների հիմնական պահանջը աշխատանքային պայմանների բարելավումն է։

Ակցիայի մասնակիցներն այսօր երթ են իրականացրել դեպի «Ջորջիան Մանգանեզ»-ի գրասենյակ։

Հանքավայրի աշխատակիցները հերթական անգամ իրենց պահանջներն են բարձրաձայնել «Ջորջիան Մանգանեզ»-ի գրասենյակում և պնդել, որ չեն համակերպվելու ստրկությանը, իսկ գործադուլն անպայման արդյունք է տալու։

«Մենք ձեզ անգամ կարած աչքերով ենք տեսնում», «Կարած բերանով էլ ճիշտը կասենք». Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության մի քանի տասնյակ հանքափորներ երեկ՝ հունիսի 19-ին այս կարգախոսներով հասել էին Թբիլիսի և Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց էին անցկացնում:

«Ջորջիան Մանգանեզ»-ի գլխավոր տնօրեն Լաշա Թութբերիձեի խոսքով, անտրամաբանական է, որ աշխատակիցները հիմա խոսում են աշխատավարձերի բարձրացման մասին, քանի որ ընկերությունը շահույթ չի ստանում:

«Մենք համաձայն ենք և պատրաստ ենք բարձրացնել աշխատավարձը՝ ապագա ֆինանսական արդյունքներին զուգընթաց»,- ասել է Թութբերիձեն:

Տնօրենի խոսքով, այսօր ընկերության վնասը կազմում է մոտ 12 մլն դոլար, իսկ աշխատակիցների համար լրացուցիչ 15 տոկոս աշխատավարձի բարձրացումը նշանակում է լրացուցիչ 10 մլն դոլարի վնաս։

Ի դեպ, հանքափորներն ի սկզբանե պահանջում էին 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձը, սակայն ընկերությունը համաձայնել էր աշխատավարձը բարձրացնել միայն 5 տոկոսով:

Կարած աչքեր և բերան. Ճիաթուրայի հանքափորների ակցիան Թբիլիսիում