Կարած աչքեր և բերան. Ճիաթուրայի հանքափորների ակցիան Թբիլիսիում

Լուսանկարը՝ RadioTavisupleba-ի

«Մենք ձեզ անգամ կարած աչքերով ենք տեսնում», «Կարած բերանով էլ ճիշտը կասենք». Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության մի քանի տասնյակ հանքափորներ այս կարգախոսով հասել են Թբիլիսի և Վրաստանի խոհրդարանի դիմաց ցույց էին անցկանում:

Հանքափորների խոսքով, Թբիլիսի գալու նպատակն այն էր, որ իրենց խնդիրը դուրս գար Ճիաթուրայից, և իրենք մնալու են մայրաքաղաքում ու շարունակելու են հացադուլը մինչև իրենց պահանջների կատարումը։

Հավաքվածների առջև ելույթ է ունեցել հանրահավաքի կազմակերպիչներից Տարիել Միքացաձեն։ Նրա խոսքով, գործադուլ անող հանքագործները ոչ մի կուսակցության չեն պատկանում։

Ինչ է կատարվում

Արդեն 14-րդ օրն է հանքափորները պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Հանքափորներից ոմանք արդեն մի քանի օր է հացադուլ են հայտարարել:

«Ջորջիան Մանգանեզ»-ի գլխավոր տնօրեն Լաշա Թութբերիձեի խոսքով, անտրամաբանական է, որ աշխատակիցները հիմա խոսում են աշխատավարձերի բարձրացման մասին, քանի որ ընկերությունը շահույթ չի ստանում:

«Մենք համաձայն ենք և պատրաստ ենք բարձրացնել աշխատավարձը՝ ապագա ֆինանսական արդյունքներին զուգընթաց»,- ասել է Թութբերիձեն:

Տնօրենի խոսքով, այսօր ընկերության վնասը կազմում է մոտ 12 մլն դոլար, իսկ աշխատակիցների համար լրացուցիչ 15 տոկոս աշխատավարձի բարձրացումը նշանակում է լրացուցիչ 10 մլն դոլարի վնաս։

Ի դեպ, հանքափորներն ի սկզբանե պահանջում էին 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձը, սակայն ընկերությունը համաձայնել էր աշխատավարձը բարձրացնել միայն 5 տոկոսով:

Գործադուլավորներն ընկերությանը 14 պահանջ են առաջադրել: Բացի աշխատավարձի բարձրացումից, հանքափորներն իրենց հիմնական պահանջներից են համարել նաև հետևյալը.

  • գործող ժամանակացույցի/պլանի ավարտի սահմանում մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը,
  • բոլոր բանկերում վարկի տոկոսների հաշվարկման կասեցում և վճարման հետաձգում, մինչ այժմ կուտակվածի փոխանցում,
  • ապահովագրության փոփոխություն և պայմանների բարելավում,
  • աշխատողների արձակուրդի իրավունք,
  • տեխնիկական մասի թարմացում/բարելավում,
  • անվտանգության վերահսկում  և այլն:

«Ջորջիան Մանգանեզ»-ի հայտարարության համաձայն, պատրաստ են աշխատակիցներին առաջարկել թարմացնել աշխատանքը հին աշխատանքային գրաֆիկով։ Ընկերությունը համաձայն է ընդունել մի քանի որոշում.

  • վերադարձ հին աշխատանքային պայմաններին մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը՝ 12-ժամյա աշխատանքային գրաֆիկով,
  • առաջին փուլում աշխատավարձը կբարձրանա 5 տոկոսով, ընկերությունը պատրաստ է նաև եկամտաբերության բարձրացմանը զուգընթաց շարունակել աստիճանաբար բարձրացնել աշխատավարձերը,
  • ընկերությունում աուդիտ անցկացնել:

Ուշագրավ է, որ սրան նախորդել են աշխատակիցների բողոքի ծայրահեղ ձևերը՝ հացադուլ են սկսել, աչքերն ու բերանն են կարել։

Նշենք՝ «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն այն խոշոր ընկերություններից է, որը միավորում է Զեստափոնիի ֆեռոհամաձուլվածքների գործարանը, Ճիաթուրայի լեռնահարստացման կոմբինատը, Վարցիխիի հիդրոէլեկտրակայանը և «Փերոմեդ» կլինիկան։ Ընկերությունը բարձրորակ ֆեռոհամաձուլվածքների խոշորագույն արտադրողն ու արտահանողն է։ Նրա արտադրանքը միջազգային շուկայում գնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Ռուսաստանը և այլն։

«Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ն Վրաստանի հիմնական գործատուներից է։