Ծովային ուղևորափոխադրումներ Սոչիից Բաթումի

Ռուսաստանի Սոչի քաղաքից դուրս եկած ASTORIA GRANDE զբոսանավը հուլիսի 27-ին կմտնի Վրաստանի Բաթումի քաղաք։ Տեղեկությունը հաստատում է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը:

Գործակալության հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում, որ զբոսաշրջային նավը հենց զբոսաշրջիկներ է տեղափոխում։

«Հատկանշական է, որ ASTORIA GRANDE զբոսանավի մուտքը կոմերցիոն բնույթ է կրում, այն գրանցված է Սեյշելյան կղզիներում Goodwin Shipping Limited ընկերության անվամբ և ներառված չէ միջազգային պատժամիջոցների մեջ»,- հայտնել են գործակալությունից:

Նույն հայտարարության մեջ նշվում է, որ ASTORIA GRANDE նավը, որը կմտնի Բաթումի նավահանգիստ, նավարկում է Պալաուի դրոշի ներքո և սպասարկվում է թուրքական Miray Cruises International զբոսանավային ընկերության կողմից։

Ի դեպ, ASTORIA GRANDE զբոսանավը Սոչիից իր առաջին նավարկությունը նոր երթուղով սկսել է հուլիսի 22-ին։