Վրաստանում համընդհանուր պատվաստման գործընթացը կմեկնարկի հավանաբար հուլիսից

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն անդրադարձել է երկրում համընդհանուր պատվաստման հարցին՝ նշելով, որ դա տեղի կունենա, հավանաբար, հուլիսին:

Գամկղրելիձեի խոսքով, մինչ այդ կշարունակվի պատվաստման հետ կապված ակտիվ քարոզարշավը: Սրա հետ մեկտեղ, ընթանում են բանակցություններ տարբեր արտադրողների հետ, ու մինչև տարեվերջ Վրաստանում հասանելի կլինի մի քանի տեսակի պատվաստանյութ:

«Նախօրեին սկսել ենք աշխատել «Նովաքս» պատվաստանյութ ներկրելու պայմանագրի մշակման վրա: Սա ամերիկյան պատվաստանյութ է ու արտադրման ձևը նման չէ Astrazeneca, Pfizer, Moderna պատվաստանյութերին: Սրա հետ մեկտեղ, բացի «Կովաքս» հարթակից բանակցություններ ենք վարում «Սերում ինստիտուտի» հետ, հիմա քննարկում ենք մոտ միլիոն չափաբաժին «Նովաքս» ձեռք բերելու հարցը: Նաև, ծրագրում ենք հետագայում Pfizer ձեռք բերել ոչ թե «Կովաքս» հարթակի միջոցով, այլ միանգամից արտադրողից»,- նշել է Գամկղրելիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի կեսից: Այս փուլում պատվաստվում են բուժաշխատողներն ու 65-ից բարձր տարիքի անձինք: