Թբիլիսիի հայկական թատրոնը ներկայացրեց «Ռևիզոր»-ի պրեմիերան․ լուսանկարներ

Թբիլիսիի Ռուսթավելիի թատրոնում ապրիլի 11-ին կայացավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի կողմից՝ ռուս դասական գրող Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը» կատակերգական ստեղծագործության հիման վրա մշակված թատերական ներկայացման պրեմիերան։

Հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ հայկական թատրոնում վաղուց ռուսական դասական ներկայացումներ չէին բեմադրվել և այդ պատճառով էլ այս անգամ որոշել են անդրադառնալ հենց այդ ժանրին։

«Պատճառներից մեկն էլ այն էր, որ երիտասարդ սերունդը ծանոթ լինի նաև այս տեսակ ստեղծագործություններին»,-ասում է Բայանդուրյանը՝ հավելելով, որ այսօր 32 երիտասարդ դերասան մոտիկից ծանոթացել է Գոգոլի ստեղծագործություններին։

Բայանդուրյանը նաև ընդգծում է՝ այսօր կարևոր չէ, թե ստեղծագործողը որ ազգի ներկայացուցիչ է, կարևորը՝ լավ գրականություն լինի.

«Մենք աշխատում են, որ Թբիլիսիի հայկական թատրոնի բեմից միշտ հնչի լավ գրականություն»։

Բայանդուրյանը հավելում է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն Թբիլիսիի հայկական թատրոնի շենքում կլինի թատրոնի հանդիսավոր բացումը, որի ժամանակ արդեն կներկայացվի հայկական գրականությունից՝ «Պեպոն»։

Թբիլիսահայ գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ներկայացման մեջ կային այնպիսի դետալներ, որոնք սովորական աչքերով տեսանելի չէին՝ չնայած շատ պարզ ներկայացված էին, սակայն ընկալելու համար հոգևոր աչքերով պետք է հարուստ լինել։

«Սա յուրահատուկ, յուրովի, ինքնատիպ ներկայացում էր։ Այս ներկայացման մեջ արվեստը ճախրում էր։ Թե՛ խոսքը, թե՛ երաշժտությունը, թե՛ կերպարային մտահղացումը, և թե Գոգոլի նորովի բացահայտումը՝ ամեն ինչ յուրահատուկ էր»,-«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է գեղանկարիչը։

Մխիթարյանը հավելում է, որ Բայանդուրյանը պոեզիայի միջոցով հանդիսատեսի համար բացահայտեց Գոգոլին.

«Այլ հարց է, թե մենք ինչքանով էինք պատրաստ այդ բացահայտումը ընկալել կամ չընկալել։ Ես արբած եմ այն ամենով՝ ինչ տեսա»։

Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հանրակրթական դպրոցի տնօրեն Սիլվա Ամիրյանը, ով ներկայացման հրավիրյալներից էր, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ սա դասական ստեղծագործություն էր՝ նոր շնչով, ինչն էլ ավելի էր գեղեցկացնում ներկայացումը։

«Շատ հետաքրքիր լուծումներ էր արված։ Իսկ, դերասանական կազմի մասին խոսելն ավելորդ է՝ ինչպես միշտ անկրկնելի էին»,-ասում է տնօրենն ու միևնույն ժամանակ ընգծում՝ աշնանը թատրոնի բացմանը ևս գալու են և վայելեն նոր ներկայացման պրեմիերան։