Թբիլիսիի քաղաքապետարանը հեռացրել է խորհրդարանի դիմացի բեմը

Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, Ռուսթավելիի պողոտայում առավոտյան մաքրման աշխատանքներ են իրականացրել քաղաքապետարանի «Թբիլսերվիսգրուպ» մաքրման ծառայության ներկայացուցիչները: Հեռացվել է նաև ցուցարարների բեմը և տեխնիկան: Սա մեծ աղմուկ առաջացրեց ցույցի կազմակերպիչների, ինչպես նաև ընդդիմադիր ՄԱՇ կուսակցության ներկայացուցիչների շրջանակներում: Րոպեներ առաջ խորհրդարանի տարածքում մամլո ասուլիս տվեց Միացյալ ազգային շարժման առաջնորդներից Էլենե Խոշտարիան:

Վերջինս կոչ արեց քաղաքապետարանին ժամանակին վերադարձնել բեմը և տեխնիկան խորհրդարանի շենքի տարածք, որտեղ 3 օր շարունակ բողոքի ցույցեր են ընթանում: Խոշտարիան նշեց, որ սադրանքներից չեն վախենում:

«Թբիլսերվիսգրուպը» արձագանքել է բողոքին նշելով, որ ծառայությունը նպատակ չի ունեցել խափանել ցույցը, պարզապես իրականացրել է մաքրման աշխատանքներ: Ծառայության տարածած հայտարարության համաձայն, բեմը և տեխնիկան քիչ ուշ կվերադարձնեն:

Ի դեպ այսօր, ցուցարները իշխանությանը վերջնաժամկետ էին ներկայացրել մինչև ժամը 14:00-ն: Նրանց գլխավոր պահանջը ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականն է: Պահանջները չբավարարվեցին, հետևաբար ցուցարարները կհավաքվեն նույն տեղում ժամը 19:00-ին: Այսօր տեղի կունենա թվով չորրորդ բողոքի ցույցը:

Նախօրեին ցուցարարները ակցիան եզրափակեցին երթով՝ խորհրդարանի շենքից շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր մասնաշենք:

Հավելենք, որ ցուցարարների հիմնական պահանջները հետեւյալներն են.

  • ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը
  • Ազատ արձակվեն բոլոր այն մարդիկ, որոնք ձերբակալվել են հունիսի 20-ի բողոքի ակցիան ցրելիս
  • Պատժվեն բոլոր այն իրավապահները, ովքեր հունիսի 20-ի ցույցը ցրելիս բռնություն են կիրառել
  • 2020 թվականից ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով