Թբիլիսիի մանկապարտեզներում գրանցումը հունիսի 12-ից է

Թբիլիսիի մանկապարտեզներում 2020-2021 ուսումնական տարվա էլեկտրոնային գրանցումը մեկնարկելու է հունիսի 12-ին՝ հաղորդում է մայրաքաղաքի մանկապարտեզների կառավարման գործակալությունը:  

Առաջին փուլը վերաբերում է առաջնահերթություն ունեցող կատեգորիաներին, սկսվելու է հունիսի 12-ին, Թբիլիսիի ժամանակով 12:00-ին և ավարտվելու հունիսի 19-ին: Այս փուլով գրանցում են անցնում մանկատների սաները, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաները, երեխաները, որոնց եղբայրը կամ քույրն արդեն մանկապարտեզ են հաճախում, միայնակ ծնողի կարգավիճակ ունեցողների երեխաները:

 2-րդ փուլը հունիսի 19-ին է մեկնարկելու, ժամը 12:00-ին, գրանցում կարող են անցնել առաջին փուլով չգրանցված բոլոր երեխաները: Երեխայի 2 տարեկանը պետք է լրացած լինի՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը, ընդ որում՝ մեկ երեխայի հնարավոր է գրանցել միայն մեկ նախակրթարանում:

Թբիլիսիում 180 պետական նախակրթարան է գործում, այս տարի կավելանա ևս 4-ը: Դրանք կբացվեն աշնանը: Ազատ տեղերի քանակը կլինի 15 հազար: Այս տարի մայրաքաղաքի նախակրթարաններում  61 հազար երեխա է գրանցվել: