Թբիլիսիի մի շարք փողոցներ կկոչվեն հերոսների անուններով

Թբիլիսիի քաղաքային խորհրդի Անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Թբիլիսիի 15 փողոց անվանակոչել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմում զոհված Վրաստանի ազգային հերոսների և մարտիկների անուններով։

«Սա մեր ոչ վաղ անցյալի շատ ողբերգական օր է, բայց, մյուս կողմից, մեր հերոսների սխրանքներով բոլորս կարող ենք հպարտանալ: Ուստի, յուրաքանչյուր վրացու պարտքն է նրանց անունները հավերժացնելու համար անել ամեն ինչ։

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը վաղը կայանալիք քաղաքային խորհրդի նիստում Թբիլիսիի մի շարք փողոցներ կանվանակոչի մեր հերոսների անուններով: Այս գործընթացը կլինի շարունակական»,- ասել է քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկղեմալաձեն։