2022-ի դիմորդների հաջողության պատմությունները

Վրաստանում միասնական ազգային քննությունների նախնական պատասխաններն արդեն հայտնի են։ Հայազգի դիմորդներից շատերը, ովքեր հայերեն լեզվով հանձնեցին ընդհանուր ունակություններ քննությունը, գրանցել են հաջող արդյունք և ակընկալում են ԲՈՒՀ-երում սովորել անվճար։

Էթնիկ փոքրամասնությունների համար «1+4» ծրագրի ընդհանուր ունակությունների քննությունից հաջող արդյունք գրանցած դիմորդներից մեկը Նինոծմինդա քաղաքից Սեդա Արզումանյանն է, ով դպրոցի իր ավարտական տարին անցկացրել է ԱՄՆ-ում՝ FLEX ծրագրի միջոցով և վերադառնալով Վրաստան՝ մեկ ամիս անց մասնակցել է միասնական ազգային քննություններին։ «Ալիք մեդիայի» հետ զրույցում նա նշում է, որ առավելագույն 80 միավորից հավաքել է 66 միավոր։

«Նախքան քննությունները համոզված էի, որ ընդունվելու եմ Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, սակայն մի փոքր կասկած ունեի անվճար ուսման հարցում, թե արդյոք կստանամ 100 տոկոսանոց դրամաշնորհ։

ԱՄՆ-ից վերադարձա մայիսի 18-ին, և քանի որ մասնակցել եմ վերջի զանգի փորձերին և ավարտական երեկոյին, քիչ ժամանակ եմ ունեցել քննություններին պատրաստվելու համար։ Սկսել եմ պատրաստվել ընդամենը հունիս ամսից», — նշում է Արզումանյանը։

Նա նաև ընդգծում է, որ իր համար ժամանակի սակավությունը խոչընդոտ չի հանդիսացել, քանի որ վերջինս վստահ էր իր ունեցած գիտելիքների վրա, անհրաժեշտ էր միայն կրկնություն։

Նման միավորներ է հավաքել (80/66) նաև մեկ այլ դիմորդ Ծալկայի շրջանի Աշխալա գյուղից Ֆլորա Այվազյանը, ում համար մարտահրավեր է հանդիսացել շրջկենտրոնից հեռու գյուղում ապրելը, որտեղից պարապմունքների հաճախելը դժվարություններ էր առաջացնում։

«Ընդհանուր ունակությունների տրամաբանական բաժնի վրա աշխատել և պարապել եմ ինքնուրույն, իսկ մաթեմատիկայի բաժնի վրա մասնավոր ուսուցչի մոտ 2 ամիս, ինչի արդյուքնում էլ հավաքել եմ բարձր բալեր։ Ուսուցիչս կարողացավ կարճ ժամանակում ծանոթացնել մեզ քննական հարցերին արագ և ճիշտ պատասխան տալու ձևերին», — պատմում է դիմորդը՝ «Ալիք մեդիայի» հետ զրույցում։

Ֆլորա Այվազյանը պատրաստվում է ուսումը շարունակել Թբիլիսիի պետական համալսարանում, մասնավորապես ծրագրավորման ուղղությամբ, իսկ քննությունների մասին նշում է, որ ժամանակը չի բավականացրել կարդալ բոլոր հարցերը:

Հավելենք՝ Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC)  «Ալիք մեդիային» փոխանցած տեղեկության համաձայն միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքները՝ թե որ համալսարան և որ ֆակուլտետն է ընդունվել դիմորդը, նաև վճարովի, թե անվճար, հայտնի կդառնա օգոստոս ամսվա վերջին։