Թբիլիսիի փողոցներից մեկը կանվանակոչվի Փարաջանովի անվամբ

Լեգենդար թբիլիսցի ռեժիսոր Սերգո Փարաջանովի մահվան 31-րդ տարելիցին` Թբիլիսիի Սակրեբուլոյին (Ավագանի) կից գործող Փողոցների վերանվանման հանձնաժողովը միաձայն որոշում է  ընդունել` Թբիլիսիի փողոցներից մեկը, ուր բնակվել է Սերգո Փարաջանովն, անվանակոչել Մաեստրոյի անվամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստան թերթի խմբագիր Վան Բայբուրթը: Որոշումը կայացվել է թբիլիսցի ճանաչված կինոռեժիսոր, փարաջանովագետ Գիա Ալավիձեի (նույն՝ Խոսե Մաջինիերե) առաջարկ-դիմումի հիման վրա, որը ստորագրվել է բազմաթիվ թբիլիսցիների կողմից: Մոտ օրերս որոշումը պաշտոնապես կհաստատվի Թբիլիսիի Սակրեբուլոյի կողմից, և տեղի կունենա Սերգո Փարաջանովի փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը:

«Շնորհակալ ենք այս արժանի որոշումը կայացնող հանձնաժողովի անդամներին՝ Սակրեբուլոյի պատգամավորներին, պատմաբաններին և արվեստագետներին:
Մի խոսքով, շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հարգելով ու պատվելով Մաեստրոյի հիշատակը` նույն օրը ծաղիկներ խոնարհեցին Շարդենում Մաեստրոյի հարթաքանդակի մոտ, ապա բարձրացան Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, մասնակցեցին Սերգո Փարաջանովին նվիրված հուշատախտակի բացմանը, որին արձանագրված է ամիսներ առաջ Պանթեոնում, Մաեստրոյի Երևանում գտնվող շիրիմից բերված հողում Փարաջանովի նռնենու տնկարկման մասին», -գրում է Բայբուրթը: