Թբիլիսին ձգտում է ամրապնդել Չինաստանի հետ երկկողմ կապերը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական ​​խորհրդի վարչապետ Լի Ցիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանում է մեկ հստակ ուղերձով՝ ամրապնդել երկկողմ կապերը, հարաբերություններն ու բարեկամությունը:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելը փոփոխությունների կհանգեցնի և որոշակի արդյունքներ կունենա Վրաստանի ու Չինաստանի համար։

«Կցանկանայի ընդգծել, որ մեզ համար մեծ պատիվ է այն որոշումը, որը մեր հարաբերությունները բարձրացնում է ռազմավարական գործընկերության մակարդակի։ Կարծում եմ, որ դա որոշակի արդյունքներ կբերի Վրաստանին ու Չինաստանին։

Կցանկանայի նաև ընդգծել այն, ինչն արդեն ասացի նախագահ Սի Ձինպինին. Վրաստանը վճռականորեն պաշտպանում է մեկ Չինաստանի գաղափարը։ Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար»,- ասել է վարչապետը։

Ղարիբաշվիլին ասել է՝ Թբիլիսին բարձր է գնահատում Չինաստանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը. «Անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելուն և զրուցելուն, ևս մեկ անգամ շատ շնորհակալ եմ»: