Լամինացված ID քարտերն անվճար կփոխարինվեն նորով

Վրաստանի քաղաքացիների ոչ էլեկտրոնային, այսպես կոչված` լամինացված, նույնականացման (ID) քարտերն անվճար կփոխարինվեն նոր ID քարտերով:

Տեղեկությունը խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է արդարադատության նախարարի թեկնածու Ռատի Բրեգաձեն։ Ըստ նրա` անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերով փոխարինումը կհեշտացնի քաղաքացիների պետական ​​ծառայություններից օգտվելու գործընթացը։

«Մինչև 2011 թվականը թողարկված լամինացված նույնականացման քարտերն անվճար կփոխարինվեն անձը հաստատող նոր էլեկտրոնային փաստաթղթերով, ինչի արդյունքում քաղաքացիները կկարողանան արագ և սահուն օգտվել պետական ​​ծառայություններից»,- ասել է Բրեգաձեն։

Իսկ ահա «լամինացված» նույնականացման քարտերը, որոնք տրվել են մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը, 2024 թվականի հուլիսի 1-ից չեղյալ կհայտարարվեն:

Կրկնենք. խոսքն այն «լամինացված» նույնականացման (ID) քարտերի մասին է, որոնք տրվել են մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը: Ներկայումս խորհրդարանը քննարկում է մի նախագիծ, ըստ որի՝ այսպես կոչված, լամինացված նույնականացման քարտ ունեցող ընտրողը կկարողանա մասնակցել 2024 թվականի ընտրություններին: Վրաստանի ընդդիմադիր պատգամավորների խոսքով, այսպես կոչված, լամինացված նույնականացման քարտ ունեցող 200 հազարից ավելի քաղաքացի կա, իսկ ըստ իշխանության ներկայացուցիչների` այդ թիվը 230 հազար է:

Իշխող կուսակցության անդամ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ մինչև 2011 թվականը թողարկված նույնականացման քարտերը կչեղարկվեն։ Սա նշանակում է, որ եթե քաղաքացիները չթարմացնեն իրենց փաստաթղթերը, չեն կարողանա քվեարկել ընտրություններին, ինչպես նաև չեն կարողանա օգտվել բանկային ծառայություններից։

Ընդգծենք. հին, այսպես կոչված, լամինացված նույնականացման քարտերի հարցը արդիական դարձավ այն բանից հետո, երբ խորհրդարանում սկսվեց ընդդիմադիր «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցության պատգամավոր Փրիդոն Ինջիայի նախաձեռնած օրենքի նախագծի քննարկումը։ Այս նախագծի նպատակն այն էր, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն, այսպես կոչված, լամինացված ID քարտեր, կարողանան մասնակցել ընտրություններին։ Մինչև 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները սրա կարիքը չկար, փոփոխություններն ընդունվեցին այն բանից հետո, երբ որոշվեց, որ ընտրատեղամասերի 70 տոկոսում քվեարկությունն անցկացվելու է էլեկտրոնային եղանակով: