Ուկրաինայից Վրաստանով դեպի ՌԴ պայթուցիկ սարքերի տեղափոխման դեպք է բացահայտվել

Վրաստանի տարածքում մինչև 14 կիլոգրամ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։ Մանրամասների մասին այսօր՝ փետրվարի 5-ին, կայացած ճեպազրույցում խոսել է պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Բաչա Մգելաձեն։

Տեղեկության համաձայն, պայթուցիկ սարքերը և նյութերը Ռուսաստան (Վորոնեժ քաղաք) արտահանման համար Ուկրաինայի Օդեսա քաղաքից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով Վրաստան են բերվել այս տարվա հունվարի 19-ին՝ «Սարփի» (վրաց-թուրքական) անցակետով։ Թաքցնելու նպատակով պայթուցիկները պահվել են մարտկոցների տուփերում:

Ըստ ՊԱԾ-ի տեղեկության՝ Ուկրաինայի քաղաքացուն պատկանող մինիվեն տիպի մեքենայով Վրաստանից «Դարիալի» (վրաց-ռուսական) անցակետով նախատեսվում էր երեք պայթուցիկ սարք տեղափոխել Ռուսաստան, ևս երեք սարք մնացել էր Թբիլիսիում։

«Նշված դեպքի մանրամասները և փաստական ​​հանգամանքները հիմք են տալիս կասկածելու, որ Վրաստանի տարածքի օգտագործումը և Վրաստանի քաղաքացիների մեծ ներգրավվածությունն այս գործընթացին ծառայեցրել են կարծիք ձևավորելու նպատակով, որ ահաբեկչական գործողությունները, որոնք կիրականացվեին Վրաստանում կամ Վրաստանի սահմաններից դուրս, (հիմք կհանդիսանար- խմբ.) Վրաստանին կմեղադրելու ինչպես պլանավորման, այնպես էլ՝ իրագործման համար»,- ասել է հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը։

Նրա տեղեկություններով, պայթուցիկ սարքերը Վրաստան բերելու, երկրի տարածքով տեղափոխման, բեռնարկղերից մեկը Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ տարանցման, իսկ դրանցից մեկը Թբիլիսիում տեղավորելու գործում ներգրավված են եղել Վրաստանի՝ 7, Ուկրաինայի՝ 3 և Հայաստանի 2 քաղաքացի:

«Գործընթացը կազմակերպել է ծագումով Բաթումիից Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, որը 2020 թվականին «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Օդեսայի շրջանի պատգամավորի թեկնածու է եղել: Նշված անձն ակտիվորեն հետևել է վերոնշյալ պայթուցիկ սարքերի տեղաշարժին Վրաստանից դուրս։ Քննությամբ պարզվել է նաև, որ վերոնշյալ անձինք, բացառությամբ Շարաշիձեի, հավանաբար՝ չեն իմացել մեքենայի ակումուլյատորներում տեղադրված պայթուցիկ սարքերի և պարկուճ պայթուցիչների մասին»:

Հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երրորդ մասով (պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի գնում և պահպանում): Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։