Լամինացված ID քարտերը չեղարկվում են

Վրաստանի քաղաքացիների ոչ էլեկտրոնային, այսպես կոչված, լամինացված նույնականացման (ID) քարտերը, որոնք տրվել են մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը, 2024 թվականի հուլիսի 1-ից չեղյալ կհայտարարվեն:

Interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ այս առնչությամբ պատրաստված օրենքի նախագիծը դեկտեմբերի 4-ին ներկայացվել է խորհրդարանի բյուրո։ Նախագծի նախաձեռնողները Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն են։

«Նախագծի նպատակն է Վրաստանի քաղաքացիներին լրացուցիչ մոտիվացիա տալ՝ վերոհիշյալ ոչ էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթերը փոխարինելու համար Վրաստանի քաղաքացիների էլեկտրոնային նույնականացման քարտերով՝ ID քարտերով, ինչը, իր հերթին, կնպաստի առաջիկա և յուրաքանչյուր հաջորդ ընտրությունների պատշաճ անցկացմանը»,- նշված է օրենքի նախագծի բացատրական գրությունում։

Ի դեպ, ներկայումս խորհրդարանը քննարկում է մի նախագիծ, ըստ որի՝ այսպես կոչված, լամինացված նույնականացման քարտ ունեցող ընտրողը կկարողանա մասնակցել 2024 թվականի ընտրություններին:

Վրաստանի ընդդիմադիր պատգամավորների խոսքով, այսպես կոչված, լամինացված նույնականացման քարտ ունեցող 200 հազարից ավելի քաղաքացի կա, իսկ ըստ իշխանության ներկայացուցիչների` այս թիվը 230 հազար է:

Իշխող կուսակցության անդամ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ մինչև 2011 թվականը թողարկված նույնականացման քարտերը կչեղարկվեն։ Սա նշանակում է, որ եթե քաղաքացիները չթարմացնեն իրենց փաստաթղթերը, չեն կարողանա քվեարկել ընտրություններին, ինչպես նաև չեն կարողանա օգտվել բանկային ծառայություններից։

Ընդգծենք՝ հին, այսպես կոչված, լամինացված նույնականացման քարտերի հարցը արդիական դարձավ այն բանից հետո, երբ խորհրդարանում սկսվեց ընդդիմադիր «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցության պատգամավոր Փրիդոն Ինջիայի նախաձեռնած օրենքի նախագծի քննարկումը։ Այս նախագծի նպատակն այն էր, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն, այսպես կոչված, լամինացված ID քարտեր, կարողանան մասնակցել ընտրություններին։ Մինչև 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները սրա կարիքը չկար, փոփոխություններն ընդունվեցին այն բանից հետո, երբ որոշվեց, որ ընտրատեղամասերի 70 տոկոսում քվեարկությունն անցկացվելու է էլեկտրոնային եղանակով: