Թբիլիսին համերաշխություն է հայտնում Պրահային

Պրահայում տեղի ունեցած հրաձգության ժամանակ Վրաստանի քաղաքացիների վիրավորվելու մասին տեղեկություն չկա, տեղեկացնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)՝ վկայակոչելով Չեխիայում Վրաստանի դեսպանատնից ստացած տեղեկատվությունը:

«Դեսպանությունը կապի մեջ է Չեխիայի համապատասխան կառույցների հետ։ Առայժմ Վրաստանի քաղաքացիների վիրավորվելու մասին տեղեկություններ չկան»,- հայտնել են նախարարությունից։

Բացի այդ, Չեխիայում Վրաստանի դեսպանատան տեղեկատվության համաձայն, շուրջօրյա ակտիվացել է Վրաստանի դեսպանատան թեժ գիծը՝ +420 777 222 053. «Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ նշված հեռախոսահամարով։ Այս պահին զոհվածների և վիրավորների մեջ Վրաստանի քաղաքացիներ չկան, դեսպանատունը շարունակում է կապի մեջ մնալ Չեխիայի Հանրապետության համապատասխան ծառայությունների հետ»:

Պրահայում տեղի ունեցած հրաձգությանն անդրադարձել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Վշտացած եմ Պրահայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական զանգվածային կրակոցների պատճառվ։ Իմ սիրտն ու մտքերը զոհերի ու նրանց ընտանիքների հետ են»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին։

Ցավակցական հեռագիր է հղել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին. «Պրահայի ողբերգական կրակոցը մեզ խորապես վշտացրեց: Սրտանց ցավակցում եմ չեխ ժողովրդին և տուժած ընտանիքներին։ Վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։ Մենք ձեր կողքին ենք այս դժվարին պահին»:

Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին ցավակցել է չեխ ժողովրդին և համերաշխություն հայտնել. «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Պրահայում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին։ Ես նաև իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում Չեխիայի ժողովրդին և կառավարությանը։ Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Մենք համերաշխ ենք ձեզ հետ այս վշտի պահին»:

Ի դեպ, Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնում` Կարլի համալսարանի մոտ երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել։ Կրակողը համալսարանի արվեստի ֆակուլտետի 24-ամյա ուսանող էր. նա չեզոքացվել է։ Նույն օրը ավելի վաղ հայտնաբերվել է վերջինիս մահացած հոր մարմինը։