Թբիլիսին մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած սեմինարին 

Հոկտեմբերի 23-24-ը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած 104-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարը։ Վերջինս անցկացվում է «Աջակցություն ռիսկի տակ գտնվող գործընկերներին. կայունության նախագծում, անվտանգության ամրապնդում և եվրատլանտյան ինտեգրման առաջխաղացում» նախագծի շրջանակներում:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերաիայի և խորհրդարանի անդամներ Խատիա Ծիլոսանիի, Գիորգի Չակվետաձեի և Թեոնա Աքուբարդիայի հետ մասնակցում է այս միջոցառմանը:

Սեմինարի շրջանակներում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Շվեդիայի ներդրումը ՆԱՏՕ-ում և գործընկերների աջակցությունը, Ուկրաինայի պայքարը հանուն ազատության և անվտանգության, Վրաստանը եվրատլանտյան ճանապարհին, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում Շվեդիայի ճկունության մասին փորձի փոխանակում և այլն:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի միջոցառմանը մասնակցում են դաշինքի անդամ և գործընկեր երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականներ։