Քաղաքացիները ժամը 22:00-ից հետո տեղաշարժվելու համար հատուկ թույլտվություն կարող են ստանալ

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ այսօր ժամը 22:00-ից քաղաքացիները անհետաձգելի անհրաժեշտության դեպքում, զանգահարելով հատուկ թեժ գծին, կարող են ժամանակավոր թույլտվություն ստանալ տեղաշարժվելու համար:

«Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիները ժամը 22:00-ից հետո տեղաշարժի համար մեկանգամյա, ժամանակավոր թույլտվություն կստանան՝ զանգահարելով 14 41 թեժ գծին, որը կսկսի գործել այսօր ժամը 18:00-ից»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ այսօրվանից խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամը 22:00-ից մինչև 05:00-ն կարգելվի քաղաքացիների տեղաշարժը: Խոսքն ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցով տեղաշարժվելու մասին է: Արգելքը սահմանվում է անորոշ ժամանակով, չի տարածվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների վրա: Տեղաշարժի իրավունք կստանան նաև ռազմավարական նշանակության ու բժշկական կառույցների աշխատակիցները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, առաքման ծառայությունների համար ևս բացառություններ կարվեն:

Արգելքներ, որոնք այսօրվանից կգործեն Վրաստանում