Թբիլիսին մտահոգություն է հայտնել ԵՄ-ի և Գերմանիայի ներկայացուցիչներին

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հաղորդագրության համաձայն, Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու և Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Պիտեր Ֆիշերի հետ հանդիպում է կայացել՝ կապված Եվրամիությունում և Գերմանիայում այցերի և հանդիպումների ժամանակ ուկրաինական պատվիրակության կազմում Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի ներկայության առնչությամբ։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլիա Դարչիաշվիլին Հերչինսկուն և Ֆիշերին «պաշտոնապես փոխանցել է վրացական կողմի մտահոգությունները»։

«Դեսպաններին բացատրեցին, որ հայտնի է Զուրաբ Ադեիշվիլիի մեղսակցությունն աղմկահարույց գործերին, և ցավալի փաստ է, որ այն անձը, որի հանցավոր գործողություններն ուղղված են եղել դեմոկրատական, արդար պետության սկզբունքներին, մասնակցում է ԵՄ երկրների պաշտոնական միջոցառումներին, ինչը, բնականաբար, արդարացի անհանգստություն է առաջացնում վրաց հասարակության մեջ և չի նպաստում հակաարևմտյան տրամադրությունների դեմ ուղղված ջանքերի արդյունավետությանը»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Թեմայի վերաբերյալ այսօր հայտարարություն է տարածել նաև Վրաստանի կառավարության վարչակազմը։ Վրաստանի կառավարությունը «մտահոգություն» է հայտնել ուկրաինական պատվիրակության կազմում Զուրաբ Ադեիշվիլիի ներկայության կապակցությամբ Եվրամիությունում և Գերմանիայում տեղի ունեցած այցերի և հանդիպումների ժամանակ։

Հայտարարության մեջ կառավարությունն Ադեիշվիլիին անվանում է ռեպրեսիվ ռեժիմի ստեղծողներից մեկը և գրում է, որ «տարիներ շարունակ նա ոտնահարել է ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները»։ Ըստ հայտարարության՝ ԵՄ-ում և Գերմանիայում Զուրաբ Ադեիշվիլիին հյուրընկալելը խաթարում է եվրոպական բյուրոկրատիայի կողմից օրենքի գերակայության նկատմամբ հավատարմության ընկալումը։

Ավելին՝ ստորև.

Ադեիշվիլիի հետ հանդիպումն այլ կերպ ներկայացնելն ապատեղեկատվություն է. ԵՄ