Թբիլիսիում երթևեկությունը մի քանի օրով կսահմանափակվի

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ Վրաստանի Անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումների նախապատրաստական ​​շրջանում և մայիսի 26-ին մայրաքաղաք Թբիլիսիում սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Ըստ ՆԳՆ-ի՝ մայիսի 23-ի ժամը 00:00-ից Թավիսուփլեբիս (Ազատության) հրապարակում, Ռուսթավելիի պողոտայում և Առաջին Հանրապետության հրապարակում ամբողջությամբ կսահմանափակվի երթևեկությունը։ Սահմանափակվելու է նաև Ռուսթավելիի պողոտային միացող բոլոր փողոցների երթևեկությունը:

ՆԳՆ-ի հաղորդագրության համաձայն, երթևեկության անվտանգությունն ապահովելու և խափանումները կանխելու նպատակով ավտոմեքենաների հոսքը կկարգավորեն պարեկային ոստիկանության բաժնի աշխատակիցները։

«Անհրաժեշտության դեպքում պարեկային ոստիկանները վարորդներին տեղեկատվություն կտրամադրեն նաև այլընտրանքային երթուղիների մասին։

Մայիսի 27-ից` միջոցառման համար նախատեսված դեկորացիաներն ապամոնտաժելուց հետո, սահմանափակումներն ամբողջությամբ կվերացվեն, և երթևեկությունը կվերադառնա բնականոն հուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, մայիսի 26-ին Վրաստանը նշում է Անկախության օրը: