Վիրահայերը հանրահավաք են անցկացրել «Առաջին ալիքի» շենքի մոտ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Թբիլիսիում «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը հանրահավաք անցկացրեց «Առաջին ալիք» հանրային հեռուստաալիքի մոտ։

Հանրահավաքի մասնակիցները իրենց բողոքն էին արտահայտում Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ Հանրային հեռուստաալիքի ոչ բավարար լուսաբանման կապակցությամբ։

«Լուսաբանել Արցախում տեղի ունեցածը ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի տեսակետից, կամ կողմնակալություն անելով, այլ ներկայացնելով, որ տեղում սով է ու մարդիկ հացի համար հերթ են կանգնում»,- ասում է ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը:

Հանրահավաքից հետո սկսվել է 24-ժամյա նստացույց։ ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանն իր խոսքում նշեց, որ «Առաջին Ալիքի» գլխավոր տնօրենի այցը Շուշի քաղաք անընդունելի է: Միրզոյանը նաև ընդգծեց, որ դատապարտում են Հանրային հեռուստաընկերության աշխատակից Ռամիլիա Ալիևայի պաշտոնավարումը՝ որպես հայալեզու և ադրբեջանալեզու բաժինների ղեկավար, պատճառ ներկայացնելով վերջինիս հրապարակումներն ու ադրբեջանամետ մոտեցումները:

«Դատապարտում ենք հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենի այցը ժամանակավոր օկուպացված հայկական Շուշի քաղաք, երբ մի քանի կիլոմետր այն կողմ Արցախի 120.000-անոց բնակչությունը Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից ենթարկվում է ցեղասպանության։ Դատապարտում ենք Ռամիլիա Ալիևայի պաշտոնավարումը, ոչ այն պատճառով, որ նա ազգությամբ ադրբեջանցի է, այլ նրա սոցիալական էջերում տարածվող նկարների և գրառումների պատճառով։ Նա Ադրբեջանի դիկտատորի ակնհայտ երկրպագուն է», — նշեց Միրզոյանը։

Նա նաև մեջբերեց Ադրբեջանի դեսպանատան հայտարարությունը այս հարցի հետ կապված՝ մեկնաբանելով, որ սա բացահայտ աջակցություն է Ռամիլիա Ալիևային։
Նշենք, որ հայտարարությունում Ադրբեջանի դեսպանությունը ՀԿ-ի կողմից ներկայացրած պահանջից հետո հրապարակում է արել, նշելով՝ «Տիկին Ռամիլիա Ալիևա, Դուք մենակ չեք, մենք կանգնած ենք Ձեր կողքին մենք աջակցում ենք Ձեզ»։