«Վրաստանի հայ համայնք»-ի առաջին նստացույցի արդյունքները

Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ Հանրային հեռուստաալիքի ոչ բավարար լուսաբանման կապակցությամբ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության՝ հեռուստաընկերության մոտ կազմակերպած նստացույցի արդյունքում, «Կիրակի օրվա մոամբա» (լրաբեր) հաղորդման շրջանակներում 15 րոպե տևող սյուժեով, լուսաբանվել են ԼՂ շուրջ ընթացող զարգացումները:

Սյուժեն մեկնարկում է հետևյալ նախադասությամբ՝ «Թեժ քաղաքական աշուն ակնկալվում է ոչ միայն մեր երկրում, այլև՝ տարածաշրջանում, Վրաստանի հարևանությամբ, որովհետև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրավիճակը կրկին լարվում է: Բաքուն ու Երևանն իրար մեղադրում են պատերազմի վերսկսման փորձի մեջ»:

«Առաջին Ալիքն» անդրադարձել է վերջին ամիսների ընթացքում զարգացած իրադարձություններին, ներկայացրել հարցազրույցներ Գորիսից, Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչից, վերլուծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցները, ինչպես նաև անդրադարձել Ռուսաստանի ազդեցությանն ու ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությանը:

Բացի այդ, գիշերվա ընթացքում, նստացույցի ժամանակ «Վրաստանի հայ համայնք»-ի  ներկայացուցիչներին մոտեցել է Հանրային հեռարձակողի հաղորդակցության բաժնի ղեկավար Դեա Գվելեբիանին։ Նա խոստացել է, որ կարճ ժամանակահատվածում իրենց պահանջները կներկայացնի խորհրդին:

Հիշեցնենք՝ «Վրաստանի հայ համայնքը» քսանչորսժամյա նստացույց է անցկացրել Վրաստանի Հանրային հեռարձակողի շենքի դիմաց: ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանն իր խոսքում նշել է, որ «Առաջին Ալիքի» գլխավոր տնօրենի այցը Շուշի քաղաք անընդունելի է: Միրզոյանը նաև ընդգծել է, որ դատապարտում են Հանրային հեռուստաընկերության աշխատակից Ռամիլիա Ալիևայի պաշտոնավարումը՝ որպես հայալեզու և ադրբեջանալեզու բաժինների ղեկավար, պատճառ ներկայացնելով վերջինիս հրապարակումներն ու ադրբեջանամետ մոտեցումները: