Թբիլիսիում նշվեց Եվրոպայի օրը

Համաճարակի հետևանքով առաջացած երկու ամյա դադարից հետո այսօր՝ մայիսի 6-ին Թբիլիսիում կրկին նշվեց Եվրոպայի օրը` հանրային մեծ միջոցառմամբ։

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հրավեր էր ուղարկել տարբեր կազմակերպությունների, եվրոպական երկրների դեսպանությունների, և բոլոր քաղաքացիներին ովքեր ցանկանում էին միանալ տոնական միջոցառումներին։

«Էքսպո Ջորջիայի» տարբեր հատվածներում ժամը 12-ից մեկնարկեցին ցուցադրություններ, եվրոպական ուտելիքի և խմիչքի համտես, խաղ-վիկտորինաներ, սեմինարներ։ Ինտելեկտուալ և սպորտային խաղերի մասնակիցներին տրվեցին հուշանվերներ եվրոպայի խորհրդանշանով:

Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիան նախապատրաստել էր դասախոսություն և վերջում ինտելեկտուալ խաղ Վրաստանի պատմության և քաղաքականության վերաբերյալ, որը ինչպես ներկայացրեց ասոցիացիայի ներկայացուցիչ Իրակլի Իրեմաձեն կարևոր է ցույց տալ եվրոպայի օրվա հետ կապված․

«Ժողովրդավարություն Վրաստանը ձեռք է բերել նախքան խորհրդային տարիները, դրա մասին են փաստում այսօր մեր անկյունում ներկայացված շատ նյութեր։ Ունենք Վրաստանում գործունեություն ծավալած հայ քաղաքագետ, պատգամավոր կնոջ մասին հուշատախտակ, նաև նրա լուսանկարով հուշանվերներ։ Կարծում եմ այս կնոջ օրինակ շատ կարևոր է, թե էթնիկ թե գենդերային հավասարության տեսանկյունից», — նշեց Իրեմաձեն։

Խոսքը Էլեոնորա Տեր-Պարսեղովայի մասին է, ով 1918 թվականին նորանկախ Վրաստանում ընտրվեց Վրաստանի դեմոկրատական հանրապետության հիմնադիր ժողովի կազմում։ Նա նաև ստորագրել է 1918 թվականի Վրաստանի Սահմանադրության տակ։ Եղել է աշխատանքի և առողջապահության հիմնադիր ժողովի հանձնաժողովի անդամ։ 1919 թվականի փետրվարին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային խորհրդի կազմում։ Էլեոնորա Տեր-Պարսեղովա արհմիության ղեկավարներից մեկն էր։ Ընտրվել է Թիֆլիսի պատվավոր դատավոր։

Տարբեր տարիքի անձանց համար կային տարատեսակ ժամանցային, տեղեկատվական միջոցառումներ։ Տեղի ունեցավ նաև կոնֆերանս, որտեղ երիտասարդները քննարկում էին իրենց հուզող խնդիրները և առաջարկում լուծումներ։

Երիտասարդներից մեկը, Մարիամ Գոդոլաձեն, ով մասնակցել էր կոնֆերանսին խոսեց տպավորությունների մասին․

«Շատ հագեցած ու գեղեցիկ օր էր, ՀԿ-ները շատ ակտիվ կերպով քաղաքացիներին իրազեկում են ԵՄ-ի և եվրաինտեգրման մասին, անկյուններից մեկում, բոլորը գրում են իրենց կարծիքը թե ինչ է իրենց համար Եվրոպան։ Կարծում եմ շատ հաճելի է, որ երիտասարդները ձգտում են դեպի զարգացում և Եվրոպա։ Ես նաև բարձրացրեցի Վրաստանի երիտասարդներին հուզող խնդիրները, որոնք ակընկալում ենք լուծել ստեղծելով ավելի զարգացած միջավայր»։

Միջոցառմանը ներկա են եղել և ելույթ ունեցել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն,Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին, ով վրացերենով դիմել է հյուրերին։

«Մենք հավաքվել ենք այստեղ նշելու Եվրոպայի օրը, որը Վրաստանը տեսնում է եվրոպական տեսանկյունից: Սա մեծ հաջողություն է: Հաջորդ փուլը պետք է լինի ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալը, ինչը Վրաստանին ավելի կմոտեցնի ԵՄ անդամակցությանը:

Հուսով եմ, որ դուք հիանալի ժամանակ կանցկացնեք ընկերների, գործընկերների և ընտանիքի հետ, կծանոթանաք մեր, եվրոպական թիմի և մեր գործընկերների գործունեության արդյունքներին։ Շնորհավորում եմ Եվրոպայի օրվա առթիվ», — ասել է ԵՄ դեսպանը։