Երեկվա օրը համառոտ. մայիսի 5

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում «Ոստիկանական քաղաքի» շինարարության վայրում հայտարարել է, որ «Ոստիկանական քաղաքը» նախատեսված է ավելի քան 1000 ոստիկանի համար:

Վրաստանի պետական ​​գնումների գործակալության «Ոստիկանական քաղաք» նախագծի մրցույթում հաղթել է «Անագի» շինարարական ընկերությունը: «Անագի»-ն նախագիծը հաղթել է 125 մլն լարիով, այս գումարը 6,4 մլն լարիով պակաս է կառավարության սահմանած արժեքից։

Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ևս մեկ պատգամավոր՝ Մայա Մենաղարիշվիլին լքում է խորհրդարանը։

Հացահատիկային կուլտուրայի մշակմամբ զբաղվող ֆերմերներն օգնություն են խնդրում կառավարությունից։ Այսօր ավելի քան 200 մարդ հավաքվել է Թբիլիսի-Բակուրցիխե մայրուղու վրա (Չալաուբան գյուղի մոտ)՝ բողոքելու բերքի իրացման խնդրի դեմ։

Զուգդիդիում փողոցային առևտուրը թույլատրելու հարցով ակցիայի մասնակիցները հանդիպել են քաղաքապետ Մամուկա Ծոծերիայի և փոխքաղաքապետ Բեսիկ Ճեժիայի հետ, սակայն, համաձայնություն չեն եկել։

Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 1 820 կին, որից 38-ը՝ մինչև 13 տարեկան աղջիկներ։

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հյուրընկալել է աշխարհի առաջատար լրատվամիջոցների 19 լրագրողների, բլոգերների և լուսանկարիչների: Վրաստանի մայրաքաղաք են ժամանել Forbes, Vogue և այլ հռչակավոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Վրաստանի Հացի արդյունաբերության միության նախագահ Մալխազ Դոլիձեն հայտնել է, որ մայրաքաղաքում ընդհանուր հաշվով սպառվում է օրական 400-420 տոննա հաց։

Թբիլիսիի Գոգեբաշվիլի փողոցում Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար Գիչո Մարգվելաշվիլիի անձնական անվտանգության աշխատակից Կ.Կ.-ին. վերջինս մեղադրվում է բիզնեսմեն Սաբա Գախոկիայի սպանության մեջ:

Եվրոպական սոցիալիստների կուսակցությունը (PES) դատապարտել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությունը Բուդապեշտում Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովին (CPAC)՝ հայտարարելով, որ կքննարկի իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ PES-ին անդամակցելու կարգավիճակը։

Վրաստանի օդանավակայանների միության ղեկավար Իրակլի Քարքաշաձեի խոսքով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ անցկացված հետազոտությունը բացահայտել է լավագույն պոտենցիալ հինգ ուղղությունները, որոնք ձեռնտու կլինեն Վրաստանի համար։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն, մայիսի 5-ից մեկ ամսով վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։

Ռուսական Russia Today պետական լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությունը և նշել, թե Վրաստանն իրեն խելամիտ է պահում։

Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրոպական ժողովրդական կուսակցության» անդամ Միրիամ Լեքսմանի խոսքով, «Վրացական մղձավանջը» (նկատի ունի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը-խմբ.) գործում է եվրոպական արժեքների և վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումների դեմ:

Վրաց-հայկական «Նինոծմինդա» մաքսակետում Վրաստան մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրման փորձ է կանխվել:

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ Կոստավայի փողոցում, նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մերձակայքում «Քարթու» հիմնադրամի նախագծած երկնաքերերի կառուցման ծրագիրը թարմացվել է, հետևաբար նախագծի քննարկումները վերսկսվել են:

Մայիսի 9-ին Եվրոպայի օրվա կապակցությամբ Օրբելիանիի պալատի դիմաց՝ Աթոնելի փողոցում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ և նախագահի վարչակազմի աջակցությամբ «Եվրոպայի համար» խորագրով համերգ տեղի կունենա:

Աբխազիան ռուսների համար ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունն է: