Իվանիշվիլիի երկնաքերերի նախագծի քննարկումները վերսկսվել են

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ Կոստավայի փողոցում, նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մերձակայքում «Քարթու» հիմնադրամի նախագծած երկնաքերերի կառուցման ծրագիրը թարմացվել է, հետևաբար նախագծի քննարկումները վերսկսվել են, գրում է BusinessMediaGeorgia-ն:

Մայիսի 4-ին Թբիլիսիի քաղաքապետարանին կրկին ներկայացվել է ծրագրի զարգացման կարգավորման պլանը. նախագծի համապատասխան փաստաթղթերը, սակայն, դեռևս չեն հրապարակվել:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքային գործակալությունը մարտին հետաձգել էր նախագիծը, ինչը հանգեցրել էր նախագծի չեղարկմանը:

Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը նախատեսում է 65 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կառուցել Թբիլիսիի նախկին «Մետաքսի գործարան»-ի տեղում՝ «Լագունա Վերե»-ի և «Հերոսների հուշարձան»-ի միջև։

Խոստացված կառույցի մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Իրակլի Աբեսաձեն` վերնագրելով այսպես. «Բիձինայի նվերը թբիլիսցիներին»:

«Քաղաքաշինության ինստիտուտ» կազմակերպությունն արձագանքել է «Լագունա Վերե»-ի շրջակայքում նախատեսված շինարարությանը։ Նրանց կարծիքով, նախագիծը տարածքին անհամապատասխան է, ավելին՝ Թբիլիսիում դժվար է գտնել այնպիսի վայր, որը կարող է հարմար լինել այդ մասշտաբի ու բարձրության կառույցի համար:

Ըստ հայտի՝ պատվիրատու «Կոստավաս 69» ՍՊԸ-ն քաղաքապետարանից պահանջում է համաձայնություն տալ այդ տարածքի զարգացման կարգավորման ծրագրի պլանավորման հանձնարարականին։ Մի շարք ընթացակարգեր անցնելուց հետո հավանություն ստանալու դեպքում ընկերությանը հնարավորություն կտրվի քաղաքի կենտրոնում կառուցելու երկու աշտարակ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր։ Նախագծային առաջարկով համալիրի հարկերի նվազագույն թիվը 1 է, իսկ առավելագույնը՝ 65։ Շինարարության մակերեսը՝ 33 հազար 500 քմ է։ Նախագիծը ներառում է կոմերցիոն գրասենյակային, բնակելի և օժանդակ տարածքներ։

Ի դեպ, «Կոստավաս 69» ընկերության տնօրենը Կախա Կոբիաշվիլիի ազգական Բիձինա Իվանիշվիլին է, իսկ 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը «Քարթու» հիմնադրամն է։