Վարչապետի հոմոֆոբ հայտարարություններից հետո քննարկվում է «Վրացական երազանքի» հարցը

Եվրոպական սոցիալիստների կուսակցությունը (PES) դատապարտել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությունը Բուդապեշտում Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովին (CPAC)՝ հայտարարելով, որ կքննարկի իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ PES-ին անդամակցելու կարգավիճակը։

«Վարչապետ Ղարիբաշվիլիի գործողություններն անընդունելի են և նրան դուրս են հանում մեր քաղաքական ընտանիքի արժեքներից։ PES-ն արդեն որոշել է հաջորդ համագումարում քննարկել կուսակցությունում «Վրացական երազանքի» կարգավիճակը։ Սա, իհարկե, անհրաժեշտ որոշում է Ղարիբաշվիլիի քայլերից հետո»,- ասել է PES-ի փոխնախագահը։

Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ PES-ը մարտին և անցած շաբաթ տեղի ունեցած համագումարում արդեն իսկ քննարկել է կուսակցությունում «Վրացական երազանքի» կարգավիճակը, հարցը կներառվի նաև հունիսին նախատեսված համագումարի օրակարգում։

Ի դեպ, «Վրացական երազանքը» Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցության դիտորդ անդամ է։

Մայիսի 4-ին Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել CPAC-ի համաժողովում։ Մոտ 20 րոպե տևողությամբ իր ելույթում կառավարության նախագահը խոսել է տարբեր հարցերի մասին, մի շարք հոմոֆոբ հայտարարություններ արել։ Նրա ելույթի հիմնական շեշտադրումներն էին «ավանդական արժեքների պահպանումը» և «մեծամասնության նկատմամբ փոքրամասնության կողմից բռնության անթույլատրելիությունը»:

Վարչապետի խոսքով՝ մինչ Վրաստանի մեծամասնությունը կիսում է ավանդական արժեքները, ուժերը, որոնք դեմ են այդ արժեքներին՝ «ԼԳԲՏ քարոզչություն են իրականացնում», որը, նրա կարծիքով, ի վերջո նպատակ ունի ժողովրդին ավելի հեշտ կառավարել։

Ըստ նրա՝ վտանգ են ներկայացնում «նրանք, ովքեր առանց հավատի և արժեքների, ագրեսիվ ցինիզմով, հաճախ հանուն ժողովրդավարության, կրոնի և ազատության, դեմ են արտահայտվում ազատությանը և ճշմարտությանը»։

Իշխանությունները վարում են երկվեկտոր քաղաքականություն. փորձագետներ