Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 5-ից երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը: Հաղորդում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ դիրքորոշումն արտահայտված է նաև Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում:

Փոխադարձ շնորհավորանքներ են հնչել Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների բազմոլորտ հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կարևորություն:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Երկուստեք բարձրաձայնվել է Հայաստանում և Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանների դերի կարևորության բարձրացումը: Օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը կողմերը համարել են պետությունների միջև հարաբերությունների կարևոր ուղղություններից:

Քննարկման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի առավել սերտ համագործակցության մասին: Կողմերից առաջարկներ են հնչել խորհրդարանների համագործակցության այլ ձևաչափերի շուրջ ևս, որոնք առաջիկայում կփաստաթղթավորվեն:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին և 44-օրյա պատերազմի հետևանքներին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարևոր գործոններից է:

Խորհրդարանի ղեկավարը հրատապ է համարել հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:

Գործընկերները մտքեր են փոխանակել նաև Եվրամիությանն անդամակցության շուրջ` քննարկելով Վրաստանի եվրաինտեգրման ուղու առաջնահերթությունները:

Ընդլայնված նիստից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահը գրառում է արել Հայաստանի Ազգային ժողովի Պատվո հյուրերի գրքում, այնուհետև եղևնի տնկել ԱԺ բակում:

Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախատեսվում է հանդիպում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: