Թբիլիսիում վաղը բողոքի երթ կանցկացվի

Թբիլիսիում վաղը՝ փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին բողոքի երթ կանցկացվի: Ցուցարարները Ֆիլհարմոնիայի շենքից քայլերթով կշարժվեն դեպի խորհրդրանի շենքի դիմացի հատված: 

Այսօր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հանդիպումից հետո «Լեյբորիստական» կուսակցության անդամներից Լաշա Չխարտիշվիլիի հայտարարությամբ` խորհրդարանի շենքից հետո ակցիան կտեղափոխվի կառավարության շենքի դիմաց:

Վրաստանի ընդդիմության հիմնական պահանջներն են.

  • Ազատ արձակել Նիկա Մելիային և բոլոր քաղբանտարկյալներին,
  • Իրանականցնել ընտրական օրենսդրության փոփոխություն
  • Հնարավորինս կարճ ժամկետում նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Թբիլիսիում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային ձերբակալելուն: Փետրվարի 23-ից տասնյակ ցուցարարներ մնացին խորհրդարանի շենքի դիմաց՝ այնտեղ տեղադրված վրաններում:


Ինչ տեղի ունեցավ փետրվարի 23-ին

Նիկա Մելիան ձերբակալվեց փետրվարի 23-ին, առավոտյան ժամը 08:30-ին՝ հատուկ գործողությամբ: Ընդդիմադիր գործչին ձերբակալելու նպատակով` հատուկ ջոկատայինների խմբերը լուսադեմից մոբիլիզացվել էին ՄԱՇ-ի գրասենյակի մոտ ու փորձել մուտք գործել շենք, սակայն աջակիցները փակել էին գրասենյակի գլխավոր մուտքերը: Այսպիսով, հատուկ ջոկատայինները հրշեջ փրկարարների մեքենաների հատուկ սարքերով մուտք գործեցին գրասենյակ՝ շենքի տանիքից, կիրառեցին գազանման նյութ, այնուհետև ներխուժեցին սենյակ, որտեղ Մելիան էր իր աջակիցների և լրագրողների հետ, ու տարան վերջինիս: Հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 անձ, առաջին օգնություն  է ցուցաբերվել 17 անձի, նրանցից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Մելիան մեղադրվելով 2019-ի ամռանը հակաօկուպացիոն ցույցերի ժամանակ խորհրդարանի վրա գրոհելու փորձի մեջ, հրաժարվել էր վճարել դատարանի կողմից որոշված գրավը, դատախազությունը դիմել էր խորհրդարանին՝ վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, ու չնայած միջազգային ու արևմտյան գործընկերների հորդորներին, խորհրդարանը համաձայնեց ընդդիմադիր գործչին ձերբակալել: Նախքան Մելիային ձերբակալելը, հարցի հետ կապված անհամաձայնությամբ պայմանավորված` հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` հույս հայտնելով, որ այս կերպ իրավիճակը կհանդարտվի: Նույն օրվա ընթացքում պարզ դարձավ, որ վարչապետի պաշտոնում առաջադրվել է Իրակլի Ղարիբաշվիլին, ով տարիներ առաջ եղել է Վրաստանի վարչապետ ու հայտնի է իր կոշտ քաղաքականությամբ, ընդդիմության  հանդեպ վառ արտահայտվող ատելությամբ: Ղարիբաշվիլիի` վարչապետի պաշտոնում ընտրվելուց ժամեր անց Մելիան ձերբակալվեց։