Թմրանյութերին առնչվող մեղադրանքով 75 մարդ է ձերբակալվել

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ոստիկանական գործողությունների արդյունքում վերջին 48 ժամվա ընթացքում Թբիլիսիում և շրջաններում թմրանյութերի հետ կապված մեղադրանքով ձերբակալվել է 75 մարդ, նրանց թվում՝ Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիներ։

Այս տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ներքին գործերի փոխնախարար Գիորգի Սախոկիան։

Ձերբակալվածները մեղադրվում են մեծ և առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և վաճառքի, նաև դրանց վաճառքին նպաստելու համար։

«Դատավորի որոշման հիման վրա իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները, մասնավորապես՝ աուդիո և տեսաձայնագրությունները, հաստատեցին, որ ձերբակալվածների մեծ մասը համակարգված կերպով թմրանյութեր էր վաճառում։ Նրանք օգտագործում էին վաճառքի տարբեր եղանակներ և մեթոդներ։

Մեղադրյալների անձնական իրերի, տրանսպորտային միջոցների և բնակելի շենքերի խուզարկության, նաև իրականացված քննչական փորձարարության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված մեծ քանակությամբ թմրանյութեր և հոգեմետ նյութեր, այդ թվում՝ կոկաին, հերոին, ալֆա ՊՎՊ, MDMA, մեթադոն, սուբոտեքս, բուպրենորֆին, պրեգաբարին, լիրիկա և մարիխուանա։

Ոստիկանությունը նաև առգրավել է հրազեն, թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր և, ենթադրաբար, թմրանյութերի վաճառքի արդյունքում ստացված գումար», — ասված է գործակալության հայտարարության մեջ։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասի և 261-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։