TI-ն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր լրացնող պաշտոնյաների ցանկը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) օրենսդրական առաջարկով է հանդես եկել:

TI-ն Վրաստանի խորհրդարանին առաջարկում է օրենք ընդունել, որը կընդլայնի այն պաշտոնյաների ցանկը, որոնք պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքի մասին տվյալները։ ՀԿ-ի հունիսի 8-ին տարածած հայտարարության մեջ գրված է՝ հայտարարագրում ներառվելիք տեղեկատվությունը պետք է ավելի մանրամասն ներկայացվի։

«Այն անձինք, որոնց պաշտոնները պարունակում են շահերի բախման, պոտենցիալ կոռուպցիայի և լիազորությունների չարաշահման վտանգ, ազատվում են հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից»,- նշել է կազմակերպությունը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ն առաջարկում է.

  • պարտավորեցնել, որ հայտարարագիր լրացնեն հակակոռուպցիոն գործերով քննիչները, պետական-քաղաքական և քաղաքական պաշտոնյաների խորհրդականները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահները, այն ձեռնարկության ղեկավարը և նրա տեղակալը, որոնց բաժնետոմսերի 50 և ավելի տոկոսը պատկանում է պետական ​​մարմնին և այլն,
  • հանձնարարել պաշտոնյաներին` ներառել տեղեկատվություն չափահաս երեխաների ակտիվների և եկամուտների, ինչպես նաև կրիպտոարժույթի և վերջնական սեփականության մասին,
  • հայտարարագրում նշված տեղեկատվության ճշտման համար հիմք ընդունել ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը և անանուն հայտարարությունը:

«Օրենսդրական առաջարկով նախատեսված փոփոխություններն ընդունելն ու դրանք գործնականում կիրառելը կբարելավի պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկության և հաշվետվողականության որակը»,- ​​նշել է ՀԿ-ն:

Ի դեպ, Վրաստանի գործող օրենսդրության համաձայն, նախարարները, փոխնախարարները, պատգամավորները, քաղաքապետերը և բարձրաստիճան այլ անձինք պարտավոր են տարեկան մեկ անգամ հայտարարագիր լրացնել։ Լրացված տվյալները հրապարակվում են Քաղաքացիական ծառայության բյուրոյի կայքում։