ՏԻՄ ընտրություններին ընդառաջ.Մելքոն Մակարյան.Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու

«Ալիք Մեդիան» Վրաստանում հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ զրուցել է Վրաստանի էթնիկ հայերով բնակեցված մունիցիպալիտետների քաղաքապետերի թեկնածուների հետ՝ ընտրողին նրանց գաղափարներն ու ծրագրերը ներկայացնելու նպատակով:

«Վրացական երազանք» կուսակցության Ախալաքաքի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյան

Ծնվել է 1986 թվականին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթի գյուղում: 2004  թվականին ընդունվել է Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, սակայն չի ավարտել այս համալսարանը, տեղափոխվել է Գյումրի ու բարձրագույն կրթություն ստացել այնտեղ: Մակարյանը Վրաստան վերադառնալուն պես՝ 2013 թվականին եղել է «Վրացական երազանք» կուսակցության երիտասարդական կազմակերպության առաջնորդ Ախալքալաքում, այնուհետև 2014  թվականից եղել է Ախալքալաքիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր, դեռ Կախա Կուկավայի կուսակցության ցուցակով, իսկ 2017 թվականից՝ «Վրացական երազանքի»:

Քանի որ Մակարյանը տարիներ շարունակ սակրեբուլոյում աշխատել է ենթակառուցվածքների հանձնաժողովում, գլխավորել է այն, հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում այս տարիների իր գործունեությունն օրենսդիր մարմնում: Մակարյանն ասում է, որ բոլոր նախագծերի իրականացման ընթացքին առավելագույն կերպով մասնակցել է, որևէ ծրագիր չի իրականացվել առանց օրենսդիր մարմնի վերահսկողության.

«Եղել են նաև խնդիրներ, սակայն միայն տեխնիկական բնույթի. նման դեպքերում ամենինչ առավելագույն կերպով քննարկում էինք ու խնդիրը վերջնականապես լուծում: Մեր միակ նպատակը մեկ է՝ որ բյուջեի ամեն մի թեթրին իր նպատակին ծառայի»։

Մակարյանը գտնում է, որ Ախալքալաքի հիմնական խնդիրները դեռևս կապված են ենթակառուցվածքների հետ. ջուր, գազ, պայմաններ բարեկեցիկ կյանքի համար.

«22 գյուղ կա, որտեղ գազ չկա: Կա նախնական պայմանավորվածություն, սակայն որպեսզի բնակչությանը խոստումներ չտանք նախապես, աշխատանքը կհաստատվի, կիրականացվի ու ժողովուրդը գոհ կմնա, շուտով այս խնդիրը կլուծվի»։

Բացի այս, Մակարյանը նշում  է, որ Սուլդա գյուղում, օրինակ, արդեն ընթանում են խմելու ջրի հետ կապված խնդրի լուծման աշխատանքները, հայտարարված տենդերի պայմանագիրն արդեն կազմված է, նախագիծը երկու տարվա աշխատանք է ենթադրում: Մակարյանը նաև նշում է, որ իր քաղաքական թիմն իշխանության օրոք որոշ նախագծեր չի կարողացել իրականացնել` կորոնավիրուսի ու պանդեմիայի պատճառով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Ախալքալաքի բերդի վերանորոգմանն ու տուրիստական վայր դարձնելուն:

Մակարյանին կուսակցության առաջնորդները ներկայացնում են որպես երիտասարդ թեկնածու և հիմնական շեշտը դնում հենց այդ փաստի վրա:

Ալիք Մեդիային Մակարյանն ասում է, որ երիտասարդների համար աշխատավայրեր ստեղծելու ուղղությամբ է պատրաստվում աշխատել, չնայած ընդգծում է, որ որևէ կոնկրետ ծրագիր դեռևս չունի:

«Մենք կոնկրետ նախընտրական ծրագիր չունենք, սա արել ենք, որպեսզի ժողովրդի ասած, այնպես չստացվի, որ քաղաքական գործիչները քաղցր խոսքով ամենինչ անում են իշխանության գալու համար: Մենք շրջում ենք գյուղերով, խոսում բնակիչների հետ ու հաշվի առնում իրենց հիմնական խնդիրները, որպեսզի դրանց հետագայում լուծում տանք»,- ասում է Մելքոն Մակարյանը:

Նշենք, որ Վրաստանում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: