Տնօրենների քննությանը գրանցված 3205 թեկնածուներից մասնակցել են 1839-ը

Վրաստանի կրթության և գիտության նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանի հանրակրթական դպրոցի տնօրենների քննությանը գրանցված 3 205 թեկնածուներից քննությանը մասնակցել է 1 839 թեկնածու:

Ըստ տեղեկության` քննության համար գործել է 49 քննական կենտրոն։

«Թեստավորումը 5 ժամ է տևել, իսկ տեսողության խնդիրներ ունեցող թեկնածուներին՝ համապատասխան դիմումի և բժշկական եզրակացության ներկայացման հիման վրա, տրամադրվել է լրացուցիչ 30 րոպե»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ի դեպ, քննության մասնակիցները թեստի արդյունքները կկարողանան տեսնել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կայքի ու Վրաստանի կրթության և գիտության նախարարության կայքի միջոցով՝ նշելով գրանցման ժամանակ հատկացված կոդը:

Հարկ է նշել, որ 2022 թվականին սկսվել է հանրակրթական դպրոցի տնօրենների պաշտոնի համար թեկնածուների հավաստագրման գործընթացը, որը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց։ Թեստը հաջող հանձնելու դեպքում տնօրեն դառնալ ցանկացողները կամ թեկնածուները կանցնեն ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ:

Մառնեուլիի հայկական դպրոցի տնօրենները տարակուսում են. վրացերենի ոչ բավարար իմացությունը քննությանը մասնակցելուն խոչընդոտում է