Տոնական օրերին Skype-ով պետք է շնորհավորենք մեր բարեկամներին. Կուլումբեկով

Իմունոլոգ-ալերգոլոգ Բիձինա Կուլումբեկովը palitranews-ի եթերում խոսել է Վրաստանում առաջիկա երկու ամիսների համաճարակաբանական իրավիճակի և նոյեմբերի 28-ից նախատեսված նոր սահմանափակումների մասին: Նրա խոսքով՝ Վրաստանի բնակչությունը պետք է առաջիկա ամիսներին խուսափի շատ տեղաշարժվելուց և ոչ այնքան կարևոր գործողություններից:

«Բնակչությանը պետք է վստահեցնենք, որ սահմանափակումները բավական չեն և պետք է խուսափենք որոշ գործողություններից, որոնք այնքան էլ հրատապ չեն: Առջևում տոնական օրեր են և տանից Skype-ով պետք է շնորհավորենք մեր բարեկամներին: Պետք է անենք առավելագույնը, որ այս սահմանափակող միջոցառումները լինեն ավելի արդյունավետ և 2-4 շաբաթվա ընթացքում դեպքերի քանակը իջնի մինչև 2000-2500: Սա նույնպես լուրջ խնդիր է, սակայն առողջապահական համակարգը կդիմանա դրան»,- հայտարարել է Կուլումբեկովը:

Հիշեցնենք՝ վերջին շաբաթների ընթացքում Վրաստանում վարակի ռեկորդային դեպքերից հետո, կառավարությունը նոր արգելքների որոշում է կայացրել: