Վալենտի՞ն, թե՞ Սուրբ Սարգիս. վիրահայերը նախընտրում են երկու տոնն էլ

Վալենտի՞ն, թե՞ Սուրբ Սարգիս..․ Վիրահայ ժողովուրդը նախընտրում է երկու տոներն էլ, սակայն արմատներից չհեռանալու նպատակով վիրահայերը նախապատվությունը տալիս են սիրո բարեխոս Սբ․ Սարգիս զորավարի տոնին:

Թբիլիսիում 2010 թվականից ի վեր հայ առաքելական եկեղեցին ավանդույթ է ձևավորել՝ հոգևորականներով ուղեկցվող թափորը Սբ․ Էջմիածին եկեղեցուց շարժվում է դեպի Խարփուխի Սուրբ Սարգիս մատուռ: Այստեղ կատարվում է աղոթք, մոմավառություն, այնուհետև թափորը շարժվում է դեպի Սբ․ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Սբ․ Սարգսի տոնն ուղեկցվում է ոչ միայն եկեղեցական ծեսերով, այլ նաև ժողովրդական ավանդույթներով:

Սբ․ Գևորգում հավաքված երիտասարդներն ասում են՝ այս օրը երազում ապագա կնոջը կամ ամուսնուն տեսնելու համար անհրաժեշտ է ընդամենը ծարավ մնալ ողջ օրը, իսկ երեկոյան համտեսել աղի բլիթը՝ ինչքան աղի, այդքան ավելի լավ, այդքան ավելի մեծ է երազում մի բաժակ ջուր ստանալու հնարավորությունը:

Աղի բլիթը, ըստ ժողովրդական ավանդության, պատրաստում է ամուսնացած, երջանիկ կինը: Պատրաստման եղանակը՝ խառնել ալյուրը, ջուրն ու աղը, հունցել, բլիթի տեսք տալ ու թխել:

Ըստ եկեղեցական ավանդության՝ արագահաս սուրբն իրականացնում է երազանքները․ ինչին հավատում ես ու շատ ցանկանում՝ այն էլ իրականանում է:

Տոնի հետ կապված ավանդույթներում իր ուրույն տեղ ունի նաև փոխինձը: Տան տիկինները տեղադրում են փոխինձով լի ափսեն պատշգամբում կամ դռան շեմին՝ ակնկալելով, որ գիշերը սբ Սարգիսն իր ձիով պիտի այցելի ու ձիու պայտի հետքը թողնի փոխնձի վրա:

Սուրբ Սարգիսը Կապադոկիայից է, 4-րդ դարի սուրբ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ երիտասարդների հովանավոր սուրբը։