Վանդալների պատժաչափը կխստացվի

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ մայրաքաղաքում վանդալիզմի դեպքերը կանխելու համար փոփոխություններ են իրականացվել վարչական իրավախախտումների օրենսգրքում։

Նախատեսվում է հանրային տարածքների ենթակառուցվածքները և քաղաքային տրանսպորտը դիտավորյալ վնասելու համար պատասխանատվությունը խստացնել։

«Վերջին տարիներին մի շարք այգիներ և պուրակներ են կառուցվել ու վերանորոգվել, բարեկարգվել են նաև բազում հանրային տարածքներ։ Ցավալի է այն փաստը, որ նման տարածքներում, ինչպես նաև հասարակական տրանսպորտում շատ հաճախ դիտավորյալ վնասում են հանրային գույքը, մինչդեռ կարելի է վնասված գույքի վերականգնման համար հատկացվող միջոցները օգտագործել հօգուտ քաղաքացիների՝ այլ ծրագրերի իրականացման համար։ Եւ այս ամենը հիմնականում կատարվում է դեռահասների կողմից», — ասել է Կալաձեն։

Քաղաքապետի խոսքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծի համաձայն,  հանրային գույքը վնասելու՝ վանդալիզմի արարքի համար կսահմանվի 300 լարիի չափով տուգանք, իսկ կրկնակի կատարման դեպքում՝ 500 լարի կամ վարչական ազատազրկում։

Կալաձեի խոսքով՝ գործող կանոնակարգի համաձայն ուրիշի գույքը վնասելը կամ ոչնչացնելը պատժվում է միայն այն դեպքում, եթե վնասված կամ ոչնչացված գույքի արժեքը գերազանցում է 150 լարին։

Աննա Թորոսյան, ստաժոր