Վարչապետը դատապարտում է նախօրեի իրադարձությունները

«Երեկ մեր տեսած բռնությունը միանգամայն անընդունելի է: Ես ուզում եմ հրապարակավ դատապարտել այս փաստը», — լրագրողների հետ զրույցում ասել է  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՝ պատասխանելով Արժանապատվության քայլերթի հակառակորդների կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ծեծի ու բռնության փաստերի մասին հարցին:

Վարչապետի խոսքով, բոլոր անձինք կբացահայտվեն, և բռնություն իրագործողները կպատժվեն:

«Կատարվածը կտրականապես անընդունելի է: Լրագրողների նկատմամբ բռնությունն անընդունելի է և դատապարտելի: Ոստիկանությունն ակտիվ աշխատում է այս ուղղությամբ: Առավոտյան ձերբակալվել է երեք մարդ: Երեկ նույնպես եղել են ձերբակալվածներ: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են բռնության գործադրմանը, կպատժվեն », -ասել է վարչապետը:

Նշենք, որ նախօրեին նախատեսված  արժանապատվության քայլերթը չեղարկվեց: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն են՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր: Ռադիկալ խմբերի գործողություններն ու կոնտրակցիան լուսաբանելիս, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս ՆԳՆ-ի տվյալներով բռնություն է գործադրվել 53 լրագրողի նկատմամբ:

Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»