Վարորդներին կոչ է արվել Վրաստանից ՀՀ մուտք գործելիս օգտվել Բավրայի անցակետից

   Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն կոչ  է արել բեռնատարների վարորդներին` երկիր մուտք գործել առավել ապահով  երթուղիներով:

Մասնավորապես, Վրաստանից Հայաստան ելումուտի համար խորհուրդ է  տրվում օգտվել Բավրայի անցակետից` Բագրատաշենի փոխարեն:

Հաշվի առելով երկրում ստեղծված դրությունը` պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի գործընկերների հետ, որպեսզի Հայաստան բերվող բեռները ուղևորվեն դեպի Բավրա:

Նշենք, որ Բագրատաշեն-Երևան ավտոմայրուղու որոշ հատվածներ  (Նոյեմբերյանի և Իջևանի միջով), մոտ են Ադրբեջանի հետ շփման գծին:

Վրաստանի սահմանը պաշտոնապես փակ է` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքացիների համար` կորոնավիրուսի վտանգից ելնելով: Հայ-վրացական սահմանով բեռնափոխադրումներ իրականացվում են անարգել: