Վաշինգտոնը՝ վրացական ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն արձագանքել է Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը։

Պատելը նշել է՝ ամբողջ արևմտյան հասարակությունը հեռացել է Ռուսաստանից, հիմա ժամանակը չէ ակտիվացնելու Ռուսաստանի հետ փոխգործակցությունը։ Նրա խոսքով, արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ վրաց ժողովուրդը հավանաբար կնախընտրեր, որպեսզի Պուտինը դուրս բերի ռուսական զորքերը Վրաստանի օկուպացրած տարածքներից, այլ ոչ թե վերականգնի ուղիղ չվերթերը կամ չեղարկել վիզային ռեժիմը։

«​​Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերականգնումը մեզ կանհանգստացնի․ վրացական օդանավակայանների ընկերությունները կհայտնվեն պատժամիջոցների վտանգի առաջ, եթե սպասարկեն ներմուծման և արտահանման հսկողության տակ գտնվող ինքնաթիռների»,- նշել է Ըստ Պատելը։

Ի դեպ, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը, նաև չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Ռուսաստանի այս որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են Պուտինի որոշումը, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով անկախ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը «պարգևատրեց» Վրաստանի կառավարությանը` ծավալած գործունեության համար։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի այս որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։