Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Վրաստանի դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ զեկույցը

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Վրաստանի դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ զեկույցը` վերանայելով չկատարված, մասամբ կամ ամբողջությամբ իրականացված առաջարկությունները։

Հանձնաժողովը նախորդ հրապարակված զեկույցում նշել էր 5 հիմնական առաջարկություն, որոնցից որպես առաջնահերթություն նշել էր առաջին առաջարկը, որը վերաբերում է Արդարադատության բարձրագույն խորհրդի բարեփոխմանը, և ըստ վերջին զեկույցի` բարեփոխումը լիարժեք չի իրականացվել։

«Արդարադատության բարձրագույն խորհրդի համապարփակ բարեփոխումն արդյունավետ կերպով արձագանքն է Արդարադատության բարձրագույն խորհրդի անարդարության մասին հնչող մշտական ​​մեղադրանքներին, լիազորությունների, գործառույթների, որոշումների ընդունման ընթացակարգերին, նաև անդամների ընտրության կարգի վերանայումն է»,- նշված է զեկույցում։

Երկրորդ հանձնարարականի առումով, որը վերաբերում է դատավորների գործուղման և տեղափոխման վերաբերյալ Արդարադատության խորհրդի լայն լիազորությունների սահմանափակմանը, նշված է, որ դա նույնպես դեռևս չի իրականացվել։

Երրորդ հիմնական հանձնարարականը դատավորների պաշտոնանկության կարգի վերանայումն է։ Հանձնաժողովը ողջունում է համապատասխան փոփոխությունները և համարում է, որ այդ հանձնարարականն իրականացվել է։

Չորրորդ հիմնական հանձնարարականը վերաբերում էր դատավորի կողմից «քաղաքական չեզոքության» սկզբունքի խախտման համար դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերը սահմանափակելուն։ Այս հանձնարարականը, ըստ հանձնաժողովի, կատարվել է մասամբ։

Հինգերորդ հիմնական հանձնարարականը վերաբերում էր Գերագույն դատարանի որոշումների պարտադիր բնույթի ամրապնդմանը. ըստ հանձնաժողովի` այս կետը ևս մասամբ է իրականացվել:

Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն, իրենք պատրաստ են այդ խնդիրների լուծման նպատակով համագործակցել Վրաստանի կառավարության ու խորհրդարանի հետ։