Վերանորոգման պատճառով վաղվանից կփակվի Կոստավայի փողոցը

Թբիլիսիի համերգասրահի (ֆիլհարմոնիայի) տարածքում վերանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 20-ից փակ կլինի Կոստավայի փողոցը, հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Փակ է լինելու նաև Կոստավայի՝ Ֆիլհարմոնիայից մինչև Հերոսների հրապարակ ընկած հատվածը։

Թբիլիսիում Ճավճավաձեի պողոտայից և Կեկելիձեի փողոցից մեքենաները կարող են շարժվել միայն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ։

Ռուսթավելիից Ճավճավաձե մեկնող մեքենաները կկարողանան Կիաչելի, Ախվլեդիանի և Նիկոլաձե փողոցներով շարժվել դեպի Մելիքիշվիլի պողոտա։ Փոխվում է նաև հասարակական տրանսպորտի սխեման։

Մինչ այդ, երեք ամիս շարունակ, վերանորոգման պատճառով փակվել էր Մելիքիշվիլիի պողոտան, որը հատվում է Կոստավայի հետ։ Սեպտեմբերի 19-ին` ասֆալտապատման ավարտից հետո, Մելիքիշվիլիով երթևեկությունը թույլատրվել է երկու ուղղությամբ։

Քաղաքապետարանը նախատեսում է նոյեմբերին այս տարածքում ավարտել հիմնանորոգումը։