Վիրահայոց թեմի առաջնորդը ցավակցում է Ռաճայում զոհվածների ընտանիքներին

Վիրահայոց թեմի մամլո դիվանը հրապարակել է թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի ցավակցական հեռագիրը Ռաճայի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։

«Սրտի ցավով տեղեկացանք Վրաստանի Ռաճայի տարածաշրջանի Շովիի հանգստավայրում տեղի ունեցած մահասարսուռ բնական աղետի բերած ողերգության մասին, որին հետևեցին մարդկային զոհեր, անհայտ կորածներ և հսկայական ավերածություններ: Վիրահայոց Թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի, հոգևոր դասի, աշխարհիկ կազմի և բոլոր հավատացյալների անունից ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին և կիսում նրանց վիշտը։

Վիրահայոց թեմի եկեղեցիներում աղոթք է բարձրացվում առ Աստված՝ անհայտ կորածներին իրենց ընտանիքներին վերադառնալու, իսկ տուժածներին առողջություն պարգևելու խնդրանքով», — ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։

Այս պահի դրությամբ (16։00) Շովիում զոհերի թիվը 11 է: Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Երեկ՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային գործընթացներ են ակտիվացել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է աղետի գոտի։

Աղետի գոտում փնտրում են 25 մարդու։