Վիրահայոց թեմի առաջնորդը եպիսկոպոսական աստիճանի է արժանացել

2023 թվականի հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի ունեցած եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արարողությանը  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, ի թիվս այլ վարդապետների, եպիսկոպոսության աստիճանի արժանացավ նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, գրում է Վիրահայոց թեմը:

Ըստ տեղեկույթան՝ սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ներկայացուցիչներ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավորներ Հայաստանից, ԱՄՆ Հայոց Արևելյան, Իրաքի և Վրաստանի թեմերից:

Մայր Աթոռում կայացած եպիսկոպոսական ձեռնադրությանը ներկա էր Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սուրբ Սինոդի անդամ, Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի մետրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին:

«Սրբազան արարողությանը մասնակցեցին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան Վարդապետ Հմայակյանը,  Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ և Ախալցիխեի ու Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, հգշ. Տ. Հակոբ աբեղա Սահակյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Բազմազգ Վրաստան-համընդհանուր շարժում» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, տարբեր հասարակական, տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչներ Մարի Միկոյանցը, Կարեն Եղիազարյանը, բարերար Արմեն Գևորգյանը, հոգևոր սպասավորներ և աշխարհիկ ծառայողներ, Վրաստանի տարբեր շրջաններից և մայրաքաղաք Թբիլիսիից ժամանած հավատացյալների  խմբեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Շողակաթ» վանքում մատուցել է եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ Պատարագը:

Պատարագին ներկա են հոգևորականներ ու սարկավագներ, նաև հավատացյալներ  Վրաստանի հայաբնակ շրջաններից և քաղաքամայր Թբիլիսիից: Հընթացս Սուրբ Պատարագի պատարագիչ Կիրակոս եպիսկոպոսը քարոզը սկսել է Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքների, Հայաստանին ու հայ ժողովրդին պատուհասած մարտահրավերի ու ծանր օրերի վրա անդրադարձումով: