Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում կնշվի Տեառնընդառաջը

Լուսանկարը՝ «Ալիք Մեդիա»-ի արխիվից

Այսօր՝ փետրվարի 13-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում տեղի կունենա 40-օրական Հիսուսին տաճարին ընծայելու՝ Տեառնընդառաջի նախատոնակ, տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Տերունի տոնի առիթով նախատոնակից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ, որից հետո հոգևորականները Սուրբ Սեղանի ճրագից վառված մոմերով դուրս կգան բակ, որտեղ կվառեն տոնական խարույկը՝ իբրև Հիսուս Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակերում կհնչի ուրախ երգ-երաժշտություն, որից հետո տեղի կունենա հրավառություն:

«Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական արարողությունը կսկսվի ժամը 17:30-ին, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ ժամը՝ 17:00-ին:

Հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում սկիզբը՝ ժամը 11:00-ին, Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում սկիզբը՝ ժամը 10-ն անց 30 րոպեին: Սիրով հրավիրում ենք բոլորին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Տեառնընդառաջի քրիտոնեական խորհուրդն այն է, որ տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տեառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար:

Ըստ տոնի ժողովրդական ավանդության՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակը վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշություն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տեառնընդառաջի տոնը:

Հայ եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: