Ո՞վ է Վրաստանի արտաքին գործերի նոր նախարարը

Այսօրվանից Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նոր ղեկավար ունի, առավոտյան հայտնի դարձավ, որ այդ պաշտոնը ստանձնել է կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։

Դարիչաշվիլին ծնվել է 1981 թվականի փետրվարի 21-ին, Սիղնաղի քաղաքում։

Մասնագիտությամբ դիվանագետ է, նաև տնտեսագետ։ 2002-ին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ֆինանսներ և բանկային գործ բաժինը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։ 2004-ին նույն համալսարանում ավարտել է մաքսային գործ և տնտեսագիտության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

2011-ին ավարտել է Ֆրանսիայի Գրենոբլի համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում։

2003-2004-ին աշխատել է «Ռեսպուբլիկա» բանկում որպես ֆինանսական վերահսկողության պատասխանատու, 2004-2006-ին նույն բանկում աշխատել է որպես ֆիզիկական անձանց սպասարկման բաժնի պետ։ Իսկ 2006-2012 թվականներին ստանձնել է վերոնշյալ բանկի մասնաճյուղերից մեկի ղեկավարի պաշտոնը։

2012-2014-ին աշխատել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ Լեհաստանի դեսպանությունում, 2014-2015-ին Վրաստանի մունիցիպալ զարգացման ֆոնդի տնօրենի առաջին տեղակալն է եղել, 2015-ին՝ նույն ֆոնդի տնօրենը։

2015-2016-ին եղել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարարը։ 2016-2017-ին եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության Արտակարգ հանձնարարությունների դեսպան։ 2017-2021-ին Դարչիաշվիլին զբաղեցրել է Լեհաստանում Վրաստանի լիիրավ դեսպանի պաշտոնը։ Իսկ 2021-ից մինչ այսօր  Վրաստանում կառավարության աշխատակազմի ղեկավարն էր։

Արտաքին գործերի նախարարության նոր ղեկավարին ներկայացրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ նշելով, որ այդ պաշտոնը զբաղեցնող Դավիթ Զալկալիանին նշանակվում է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան։