Ուկրաինան պատրաստ է ապահովել Սաակաշվիլիի անվտանգությունը. Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն արձագանքել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ զարգացումներին և Վրաստանին կոչ է արել ճիշտ ընտրություն կատարել։

«Անհնար է ուղիղ հեռուստաեթերով դիտել, թե ինչպես է ձեր ճանաչած մարդը մահանում: Անհնար է չտեսնել, թե ինչպես են սպանում Վրաստանի պատմությունն ու նրա նախագահին քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Ուկրաինան պատրաստ է ընդունել Միխեիլ Սաակաշվիլիին, ապահովել նրա անվտանգությունն ու պատշաճ վերաբերմունք ցուցաբերել նրա հանդեպ»,- գրել է Պոդոլյակը։

Ի դեպ, մինչ այդ Զելենսկին դիմել էր Վրաստանի ժողովրդին և իշխանություններին՝ Սաակաշվիլիի նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով, հատկապես Սուրբ Ծննդին նախորդող ժամանակահատվածում։

Դեկտեմբերի 14-ին Հատուկ քրեակատարողական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն այս կադրերը գնահատել են որպես ապացույց, որ Սաակաշվիլիի ծանր վիճակի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ընդդիմադիր կուսակցությունների մի մասը, տեսանյութի հրապարակումը Սաակաշվիլիի իրավունքների խախտում գնահատելուց բացի, տեսագրությունը համարել է երրորդ նախագահի սարսափելի վիճակի ևս մեկ ապացույց։

Ներկայում Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիին պատժից ազատելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։

Կառավարությունը պետք է որոշի՝ Զելենսկիի խնդրանքն է ավելի կարևոր, թե Կրեմլի հրահանգը․ Մելիա