Մեկ օրում թմրանյութերին առնչվող հանցագործության մեղադրանքով 62 մարդ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) երկրի ողջ տարածքում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում թմրանյութերին առնչվող հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել է 62 մարդու, նրանց թվում՝ 46 թմրավաճառի։

Թմրավաճառությամբ զբաղվողները գործունեություն էին ծավալել տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Օզուրգեթիում, Գորիում, Մառնեուլիում և Ռուսթավիում, Թբիլիսիի մի շարք թաղամասերում, նաև՝ Փոնիճալայում։

Ձերբակալվածները մեղադրվում են մեծ և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի կրելու և պահելու համար։

Ձերբակալվածների անձնական ավտոմեքենաների և բնակարանների խուզարկության ժամանակ առգրավվել են իրացման համար պատրաստված առանձնապես խոշոր չափի «Հերոին», «Կոկային», «Ափիոն», «Մարիխուանա» և այլ տեսակի թմրամիջոցներ:

Վերոնշյալ հանցանքը պատժվում է առավելագույնը 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Թմրամիջոցների ապօրինի ներկրման փաստով Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է օտարերկրյա առնվազն 20 քաղաքացու Թուրքիայից, Սերբիայից, Ադրբեջանից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Եգիպտոսից, Լատվիայից, Նիգերիայից և Հայաստանից:

Ի դեպ, 2022 թվականին Վրաստանում ձերբակալվել է 204 թմրավաճառ։ ՆԳՆ-ն այս տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 68-ով ավելի թմրավաճառների է ձերբակալել` անցած տարվա համեմատ։