Վրաստանը ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունի. Ռուբեն Մեհրաբյանն ամփոփում է Թբիլիսի կատարած այցը

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը և կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն անցած շաբաթ Թբիլիսիում էին՝ Հայաստան-Վրաստան ընդհանուր օրակարգի տեսլականով քննարկումների նպատակով:

Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրուցում ասում է, որ Վրաստանը 21-րդ դարում Հայաստանի Հանրապետության առաջ ներկայումս ծառացած մարտահրավերների ֆոնին ունի կենսական կարևորություն ոչ միայն ՀՀ-ի, այլև՝ ողջ հայության համար, և լինելով ՀՀ-ի հարևանը, պատմության դասագրքի առաջին իսկ էջից՝ ներկայումս իրենց «բացարձակ քաղաքական առաջնահերթությունն» է` ձեռք բերել նոր որակ, նոր օրակարգ, նոր չափումներ, որոնք չեն սահմանափակվում միայն մեր տարածաշրջանով։

Ըստ նրա՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Վրաստանի հետ Հայաստանը ֆիքսել է շահերի, նպատակների և արժեքների ընդհանրություն, իսկ տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած և դեռ տեղի ունենալիք փոփոխությունները թելադրում են նաև այն գիտակցումը, որ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերություններն այլևս չեն համապատասխանում թե՛ ներկայիս իրողություններին, թե՛ երկու երկրների ներուժին, և կա կենսական անհրաժեշտություն այդ հարաբերություններին հաղորդելու ռազմավարական մակարդակ և ռազմավարական բովանդակություն։

«Սա մեր կուսակցության տեսլականն է, որը տեղ գտավ մեր նախընտրական ծրագրում և ելույթներում 2021-ի խորհրդարանական ընտրություններին և դրանից հետո։ Իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, դրա պատճառով Կրեմլի դեմ պատմականորեն աննախադեպ պատժամիջոցները, քաղաքական բոյկոտը, էապես փոխել են ռուսական գործոնի դերի և նշանակության ընկալումները ողջ աշխարհում, և այդ թվում՝ մեր տարածաշրջանում։

Այո, նախկին աշխարհակարգն այլևս գոյություն չունի, իսկ նորը՝ դեռ գոյություն չունի, այն ձևավորվում և թրծվում է ուկրաինացիների հերոսական պայքարի բովում, և այդ նոր աշխարհակարգն օրինաչափորեն լինելու է հետռուսական։ Բնականաբար, մեր տարածաշրջանը և՛ս՝ գնում է դեպի հետռուսական ապագա իրողություններ։ Եվ թե ինչպիսի է լինելու Հայաստանի և Վրաստանի տեղը և դերը այդ նոր, հետռուսական տարածաշրջանում՝ դրա մասին պետք է մտածել, քննարկել, երկխոսել, դրան պատրաստվել արդեն այսօրվանից», — նշում է Մեհրաբյանը:

Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանը կանգնած է իր բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիկացման, Ռուսաստանի հետ հարաբերությունների ողջ համալիրի ռազմավարական վերանայման հրամայականի առջև, և այդ իմաստով Վրաստանը կարևորագույն ուղղություն է․

«Հայաստանը և Վրաստանը այն երկրներն են, որտեղ ժողովրդավարությունը անվտանգության հիմքն է, ինչպես և հակառակը, և դրանք կարող են գոյություն ունենալ կամ համատեղ, կամ մենք կկորցնենք թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Հետևաբար, անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանը և Վրաստանը, բարձրացնելով փոխադարձ ինտեգրունակությունը, ձեռք բերեն քաղաքական կամք, կարողություն՝ հանդես գալու համատեղ ծրագրերով երրորդ երկրների կամ երկրների միությունների հետ հարաբերություններում։ Առաջին հերթին խոսքը գնում է ԱՄՆ-ի և Եվրամիության մասին, ինչպես նաև այնպիսի ազդեցիկ սուբյեկտների հետ, ինչպիսին են Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և այլն»:

Մեհրաբյանը տարածաշրջանային զարգացումների ֆոնին Վրաստանի հետ համագործակցության ոլորտներից առաջնային է համարում անվտանգությունը՝ իր բոլոր բաղադրիչներով:

«Մենք երկուսս էլ փոքր երկրներ ենք, և միավորելով մեր ջանքերը՝ մենք հաստատապես կստանանք սիներգիկ էֆեկտ ցանկացած ոլորտում։ Պարզապես պետք է նկատի ունենալ, որ սա պահանջում և պահանջելու է քրտնաջան և պրոֆեսիոնալ աշխատանք, որը պետք է հանգեցնի ինստիտուցիոնալ որոշումների, և դրա բոլոր նախադրյալները կան։ Դրան նպաստում են նաև այն ժողովրդավարական բարեփոխումները, որոնք իրականացվում են մեր երկրներում՝ մեր ժողովրդավարական գործընկերների օժանդակությամբ», — նշում է Մեհրաբայանը:

Ըստ նրա՝ տնտեսության աճի բարձր տեմպերը, որոնք արձանագրել են թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը՝ մեծապես պայմանավորված են կարճաժամկետ էֆեկտներով, Ռուսաստանից արտագաղթող քաղաքացիների ներհոսքով։ Իսկ միջնաժամկետ և մանավանդ երկարաժամկետ հեռանկարում ռուսական շուկան դեգրադացվելու է, և անհրաժեշտ են նոր ուղղություններ, որոնք զարգացման աղբյուր կարող են հանդիսանալ ոչ միայն քանակական, այլև որակական առումներով։ Եվ այդտեղ առանցքային նշանակություն է ձեռք բերում տեխնոլոգիական առաջատարների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի, ասիական հսկաների հետ համագործակցությունը, կրթական առաջատար ծրագրերի իրականացումը, որտեղ էլ հայ-վրացական համագործակցության ահռելի ներուժ է առկա։

Մեհրաբյանը նաև բարձր է գնահատում Վրաստանի անկեղծ ձգտումը՝ իր նպաստը բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու հաշտեցման գործին, և նշեց, որ անվերապահորեն վստահում են վրացական կողմի անկեղծությանը։ Նա, սակայն, հայ-ադրբեջանական երկխոսության հաջողությանը միտված գործընթացի հնարավորությունը տեսնում է ամերիկյան հարթակում, անկախ նրանից, թե որտեղ է այն գտնվում՝ Վաշինգտոնում, որևէ եվրոպական մայրաքաղաքում, թե, հենց Թբիլիսիում։

«Ի դեպ, վրաց-ամերիկյան համագործակցության հաջողված փորձ կա, կապված Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձման հետ, և այդ փորձն ունի զարգացման թե՛ կարիք, թե՛ անհրաժեշտություն։ Ի վերջո, Վրաստանը հայ-ադրբեջանական հաշտության ուղիղ շահառու է, և այդ գործոնը կարող է կարևոր դեր խաղալ մեր ապագա տարածաշրջանային իրողություններ ձևավորելու գործում՝ մեր արևմտյան բարեկամների հետ համատեղ», — եզրափակում է Մեհրաբյանը: